Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում՝ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:
Պարզվել է, որ Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան վարել է Լուսաշող գյուղի բնակիչ 33-ամյա Էմին Թարվերդյանը։ Վթարի հետեւանքով ուղեւոր, Շաղափ գյուղի բնակիչ 28-ամյա Վարդան Շահնազարյանը տեղում մահացել է, իսկ Է. Թարվերդյանն ու մյուս ուղեւորները՝ Երեւանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Բարսեղյանն ու Լուսաշող գյուղի բնակիչ 29-ամյա Սերյոժա Խալաթյանը, տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ս. Խալաթյանը, գիտակցության չգալով, մահացել է:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի հաստատություն ընդունվելու համար ում պետք է դիմի քաղաքացին:
Անահիտ Մելքոնյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (այսուհետ՝ տարածքային մարմին), որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձեւաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից: Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ գործառույթ է իրականացնում երաշխավորման հիմնադրամը:
Ալիսա Արզումանյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 մլն հայկական դրամով։
ՀՀ կենտրոնական բանակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: