ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԵՐԿՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ Armlur.am-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հնարավոր հանդիպման ու ընդդիմության առաջիկա անելիքների մասին: Վանեցյանից փորձել ենք պարզել, թե ովքեր են, ի վերջո, այն դավաճանները, որի մասին խոսում են ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, սակայն որեւէ մեկի անունն այդպես էլ չի հնչեցվում:

 

Արթուր Վանեցյանը խոսել է նաեւ այն մասին, թե որ պարագայում է պատրաստ հանդիպում ունենալ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վանեցյանը վստահեցնում է, որ իրենց քայլերը որեւէ շահադիտական նպատակ չունեն, այլ հայրենիքի փրկության համար են, որը օր օրի ավելի է վտանգվում:

-Պարո՛ն Վանեցյան, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ պատրաստվում է այսօր գնալ Եռաբլուր: Ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը, որովհետեւ ընդդիմությունը հայտարարում է, որ իր թիմակիցները պետք է արգելեն վարչապետին մուտք գործել Եռաբլուր: Արդյոք այսօր կամ առաջիկայում բախմա՞ն են գնալու ընդդիմության եւ իշխանության աջակիցները:

-Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ՝ ընդդիմությունը չի հայտարարել, որ արգելելու է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներից Եռաբլուր մուտք գործել: Դրա մասին հայտարարել են զոհված զինծառայողների մայրերը, նրանք ընդդիմության կողմից չեն ուղղորդվում եւ նրանք չեն ներկայացնում ընդդիմության տեսակետները: Բայց շատ կարեւոր բան կա. Եռաբլուրում այսօր ամփոփված են մեր զոհված զինծառայողների մարմինները: Եվ ո՞վ է դրա մեղավորը. դա զուտ բարոյական հարց է: Ես կարծում եմ, որ բարոյականությունից ելնելով, եւ քանի դեռ տրված չեն ամբողջական պատասխաններ պատերազմի սկսելու, ընթացքի եւ արդյունքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության ներկայացուցիչները իրավունք չունեն Եռաբլուր այցելությունը սարքել քաղաքական գործընթացի մաս: Դա սրբապղծություն է:

-Փաշինյանն ասում է, որ գնալու է Եռաբլուր: Արդյոք այն, որ կան մարդիկ, որոնք կարգելեն վարչապետին մուտք գործել այնտեղ, չի բերի քաղաքացիական բախման:

-Ես չեմ, որ դրա պատասխանը պետք է տամ: Ամեն դեպքում, երկրում կայունության եւ հասարակության մեջ կայունության հարցն ու թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է: Իշխանությունը պետք է հասկանա՝ իր որ արարքով կամ չարածով կարող է հասարակությանը բախման բերել, քանի որ հասարակությունը իրականում շատ լարված է այսօր: Բոլորը շատ հուզված են, եւ ցանկացած փոքր միջադեպ կարող է վերածվել աննկարագրելի հետեւանքներ ունեցող միջոցառման:

-Ընդդիմությունն ու իշխանությունը եթե գնում են առճակատման, ի՞նչ ելք եք անձամբ Դուք տեսնում այս պահի դրությամբ:

-Ես ուզում եմ շատ պարզ խոսել, եւ շատ կարեւոր է, որ հասարակությունը, ինչպես նաեւ իշխանությունները հասկանան՝ մենք նպատակ չունենք իշխանության գալու եւ իշխանություն ունենալու:  Ես ասում եմ, որ երկիրն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ես խոսում եմ ոչ թե որպես կուսակցության ղեկավար, ոչ թե քաղաքականությամբ զբաղվող մարդ, ընդդիմության առաջնորդներից մեկը, ո՛չ, ես այս պահին խոսում եմ որպես երկար տարիներ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատած մարդ, գեներալ: Երկիրը շատ լուրջ վտանգի առաջ է կանգնած: Մենք ունենք լրջագույն խնդիրներ մեր երկրի արտաքին սահմանները պահպանելու, սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգությունն ապահովելու, մեր բանակը գտնվում է ոչ բարվոք վիճակում:

-Պատերազմի առաջին օրվանից իշխանությունը հայտարարեց, որ կան դավաճաններ: Ի վերջո, կասե՞ք՝ ովքեր են այդ դավաճանները:

-Ընդդիմությունը կարող է անել հայտարարություններ, եւ դրանք որոշ ժամանակ չունենան հետեւանքներ իրավական առումով: Ինչո՞ւ, որովհետեւ իշխանությունը, օգտագործելով իր իշխանական լծակները, չի թողնում, որպեսզի  այն հայտարարությունները, որն անում է ընդդիմությունը եւ փորձում է դրա վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կամ այլ իրավական ինչ-որ պրոցեսներով հասնել ապացույցների, իշխանությունը չի թողնում այդ ամենը: Իշխանությունը եթե հայտարարում է, ապա նա պարտավոր է հայտարարությունից հետո անել քայլեր, գործողություններ: Ո՞վ է ի վերջո դավաճանը: Ես անգամ չեմ ուզում դրա մասին խոսել, բայց Նիկոլ Փաշինյանի՝ ոչ նորմալ հոգեվիճակում եղած ժամանակ արված հայտարարությունը, թե, իբր, իմ կողմից ղեկավարած զորախումբը լքել է Շոշ գյուղի  դիրքերը, ինչի արդյունքում մենք հանձնել ենք Շոշ գյուղը, որը չունեցավ որեւէ հետեւանք: Ասեմ ավելին՝ Շոշ գյուղը այն եզակի գյուղերից մեկն է, որը մինչ այսօր մնացել է հայկական վերահսկողության տակ: Էդ ո՞նց մենք փախանք ու Շոշը հանձնեցինք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՊՆ-Ն ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՏՎԵԼ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻՆ

Երեկ հայկական կողմը պետք է լքեր իր դիրքերը՝ ելնելով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից: Սյունիքի մարզպետը, մի քանի համայնքապետեր հանդիպել էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ի՞նչ իրավիճակ է այս պահին Սյունիքում. մանրամասները փորձել ենք ճշտել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանից:

 

«Ինչ որ մինչեւ այժմ ունեինք նպաստավոր դիրքեր, հիմա մենք այդ դիրքերը թողել ենք: Պետք է ճիշտ հասկանաք, որ մենք մեր կամքով չենք թողել: Երեկ պաշտպանության նախարարի հետ մեր ունեցած հանդիպման ընթացքում մեզ համար պարզ եղավ, որ պետք է դուրս գանք դիրքերից: Իրենք ասացին, որ պետք է դիրքերը թողենք, քանի որ դա Ադրբեջանի սահման է, եւ մենք վերադառնում ենք մեր նախկին՝ ԽՍՀՄ-ի գծված քարտեզով նախատեսված հայկական սահմաններին», – նշում է քաղաքապետը:

Փարամազյանը ընդգծում է՝ այս պահին իրենց համար ամենակարեւորն անվտանգության երաշխիքներն են, որոնց իրենց չեն տրվում: «Այսօր՝ մի կիլոմետրի, տեղեր էլ կան մի քանի մետրի հեռավորության մասին է խոսքը: Ինչպե՞ս կարող է չլինել անվտանգության հարց: Դրա համար էլ մենք պահանջում ենք, որ գոնե անվտանգության գոտի լինի, որպեսզի մեր ժողովուրդը, սյունեցին գոնե չտեսնեին թշնամուն: Բայց փաստացի նենց է գալիս, որ այսօր դեմ առ դեմ պետք է կանգնենք, ինքն իր կողմը, ես՝ մեր ու սահմանը հսկենք: Դա է անթույլատրելի: Դրա համար էլ մեր պահանջը հետևյալն է. անվտանգության երաշխիքները մեզ ով պետք է տա, ով կարա գարանտյա տա թուրքի վրա, որ վաղը կամ մյուս օրն անակնկալներ չեն լինի մեզ համար», – հավելեց նա:

Քաջարանի քաղաքապետը նկատում է՝ խնդիրը ոչ թե սյունեցիների միասնականության մեջ  է, այլ հարցն այն է, որ պետության կողմից ոչ մի աջակցություն չկա: «Երեկ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նա պարզ ասաց՝ կարող եք մնալ դիրքերում, բայց խորհուրդ չեմ տալիս Ձեզ: Այսինքն՝ որպես ՊՆ, բանակ, մենք Ձեր կողքը չենք կարող կանգնել, քանի որ փաստաթուղթ կա ստորագրված, որով տարածքները պետք է հանձնենք ադրբեջանցիներին: Ադրբեջանցիները պետք է վերադառնան այն բուֆերնի զոնան, որ մենք պայքարում էինք՝ պահենք, այս երկրի իշխանությունները հեշտությամբ հանձնել են ադրբեջանցիներին, ու չկա այդ անվտանգության զոնան», – հավելում է նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

2020թ. դեկտեմբեր ամսին` չպարզված օրը եւ ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային եւ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակների արտաքին զննումներ, որի արդյունքում ի հայտ են եկել խոշտանգման մասին վկայող բավարար տվյալներ, պարզվել են դիակներից 4-ի ինքնությունը: Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ հակառակորդը, թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, ԱՀ Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող, պաշտպանության միջոցներից զրկված անձնակազմի 7 զինծառայողի ենթարկել է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների:

 

 

ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐ

Armlur.am-ն արդեն մի քանի օր ահազանգեր է ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զինկոմիսարիանտներ ներկայանալու համար: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների` իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են իրենք հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն Հայաստանում պատերազմն ավարտվել է: Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ, փաստորեն, ովքեր տարիներ առաջ գումարներ են տվել, ինչի համար խուսափել են հայոց բանակում ծառայելուց ու պատերազմի ողջ օրերին հանգիստ նստել են իրենց տներում, իսկ ովքեր որ ծառայել են բանակում, պետք է կրկին գնան ու իրենց ծառայությունը մատուցեն բանակին: Ինչեւէ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանում դեռեւս չեղարկված չէ ռազմական դրությունը, ինչի պատճառով էլ նաեւ շարունակվում է պահպանվել մասնակի զորահավաքը: Այդ ամենով պայմանավորված՝ հայրենի իշխանությունների ներկայացուցիչներին՝ ի դեմս հայանքապետերի, Երեւանի վարչական շրջանի ղեկավարների, հանձնարարված է կրկին ծանուցագրեր ուղարկել քաղաքացիներին ու հորդորել ներկայանալ զորահավաքի: Ու այս օրերին, ըստ մեր տեղեկությունների, տվյալ պաշտոնյաները լծվել են այդ աշխատանքին ու ծանուցագրեր են ուղարկում քաղաքացիների բնակարաններ: Մենք բարձրացված հարցերի հետ կապված հարցում ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զորահավաք իրականացվում: Մեզ խոստացել են գրավոր ուղարկված հարցերին պատասխանել. պատասխանի դեպքում կհրապարակենք նաեւ պաշտոնական տեղեկատվությունը:

 




Լրահոս