ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԻ 1945 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 9-ից մեկնարկել էին սահմանազատման աշխատանքները: Դրանք նախ իրականացվեցին Գեղարքունիքի մարզում, այժմ էլ հերթը Սյունիքինն է, որն էլ առաջացրել է սյունեցիների դժգոհությունը: Առաջին հերթին խոսքը նաեւ քարտեզների մասին է՝ ի վերջո, որ թվականի քարտեզով պետք է իրականացվի սահմանազատումը, արդյոք Հայաստանն ունի բոլոր քարտեզները:

 

Նշենք՝ դեռ հունվարին նոր ստեղծվելու է «Սահմանազատման միջգերատեսչական» հանձնաժողով, իսկ մինչ այդ արդեն լուծարված Գեոդեզիայի եւ քարտեզագրման ՊՈԱԿ-ի գիտնականները եւ մասնագետները դեռեւս չեն ստացել համագործակցության աշխատանք: Հանրությանը շարունակում է հուզել՝ որտեղ են գծվում երկրի նոր սահմանները, եւ ովքեր են իրականացնում Հայաստան-Արցախի Հանրապետություն-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները:

Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ:

«Բնականաբար, 1929 թվականի քարտեզներ կան, սակայն նրանց ճշգրտությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ սահմանազատում չի եղել: Ուղղակի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները որոշվել են լեռնագագաթից լեռնագագաթ: Վերջնական ճշգրիտ քարտեզները, որոնք կան, դա 1944-1945թթ. Գլխավոր շտաբի քարտեզներն են, որոնք Հայաստանում կան եւ կարող են օգտագործվել, սակայն դրանց մասշտաբները մեծ չեն: Առանձին հատվածների վերաբերյալ 1980-ական թվականներին կատարվել է սահմանազատում, բայց, կրկնում եմ, Հայաստանի եւ Ադրբեջանի այն հատվածների վերաբերյալ, որոնք եղել են վիճելի: Այդ քարտեզները գտնված են, լուսանկարված, պատճենված են, տրամադրվել են Պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններին եւ այլ պատկան մարմիններին: Իսկ վերջերս էլ, երբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողովը, որը գործելու է ԱԳՆ իրավասության ներքո, մենք այդ բոլոր նյութերը տրամադրել ենք, բայց, ցավոք սրտի, սահմանազատման աշխատանքներն իրականացվել են 1984-88թթ. հունվարի  12-ը, հետո ստորագրվել է համապատասխան արձանագրությունը, համապատասխան քարտեզներով: Խնդիրն այն է, որ այդ սահմանազատումն իրականացվել  է միայն այն հատվածներում, որոնք եղել են վիճելի: Այդ հատվածները եղել են Նոյեմբերյանի շրջանում, Իջեւանի շրջանում, Վարդենիսի, Կապանի շրջանում, բայց ոչ ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմաններով», – նշում է նա:

Վիրաբյանն ընդգծում է՝ այսօր պետք է հիմք ընդունենք 1988 թվականի սահմաններով սահմանազատումը, մնացած մասի համար էլ 1944-1945 թվականի քարտեզները, որոնք կան, բայց իրենց սահմաններով այնքան էլ մեծ չեն: «Այդ քարտեզները հիմք ընդունելով՝ աշխատանքները պետք է իրականացվեն տեղում: 1929 թվականի քարտեզը, քանի որ սահմանազատում չի իրականացվել, օրինակ,  Արծվաշենը միացված էր Հայաստանին եւ այլ խնդիրներ եւս կային: Իհարկե, այդ քարտեզները կան, բայց դրանց ճշգրտությունը լիակատար չէ, եւ մենք չենք կարող դա որպես հիմք ընդունել: Այնտեղ սահմանները գծված էին լեռնագագաթից լեռնագագաթ, բայց այն անցնում է ձորերով, հողամասերով եւ այլն, բայց այդ քարտեզը չի կարող սահմանազատման համար հիմք ծառայել: Վերջնական որոշումը պետք է լինի սահմանին, ինչպես կատարվում է ամբողջ աշխարհով. երկու կողմից անցնում են, որոշում են՝ այս մասը սրանն է, մի մասը նրանը, մեկը մյուսին զիջելով՝ սահմանազատում են իրականացնում», – նշում է նա:

Արխիվի նախկին տնօրենը նկատում է՝ 88 թվականից հետո սահմանզատման աշխատանքներ չեն իրականացվել եւ դրան օբյեկտիվ պատճառներ են եղել: «Այն հատվածները, որոնք ընդգրկված չեն 88-ին ստորագրված արձանագրության, պետք է հիմք ընդունվեն 44-45թթ. ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի քարտեզները: Սկսվեց Ղարաբաղյան շարժումը եւ այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել մինչեւ այսօր: Սկսվեց պատերազմ, դրա ընթացքում այդպիսի հարցեր չէին լուծվում, հետո 94 թվականին հրադադար հաստատվեց, դրան չէին անդրադարձել եւ դե ֆակտո ընդունել էին այն, ինչ կար», – հավելեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր՝ ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետեւյալ կառուցվածքը՝ Պետական նախարար: Աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարություն: Առողջապահության նախարարություն:  Արդարադատության նախարարություն: Արտաքին գործերի նախարարություն: Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություն: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Պաշտպանության նախարարություն:  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Քաղաքաշինության նախարարություն: Ֆինանսների նախարարություն: Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։ Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետեւյալ կերպ՝ Ազգային անվտանգության ծառայություն; Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն; Կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտե: Ոստիկանություն; Պետական եկամուտների կոմիտե: ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

 

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին Մամիտովն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում: «Ղրղզստանը մտահոգությամբ ու խաղաղության արագ հաստատման հույսով էր հետեւում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին: Մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով եւ դիվանագիտական մեթոդներով կարգավորման կողմից, եւ հույս ունենք, որ այս փուլում առկա համաձայնությունները պայմաններ կստեղծեն երկխոսության շարունակման համար»,- ասել է նա: Ղրղզստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի դերը կրակի դադարեցման գործում:

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երեւան: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից:

 

 

ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Պարզվեց, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են մարդասիրական օգնություն: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 4 մլն 187 հազար 700 դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 879 հազար 600 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստան եկել է 535 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 10 ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 1 մլն 228 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 10 մլն 288 հազար 800 դոլար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, այն էլ` Ռուսաստանի Դաշնությունից: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից այս տարվա հունվար-հոկտեմբերին ՀՀ եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկած մարդասիրական օգնությունը կազմել է 64 հազար 900 դոլար:

Հնդկաստանից Հայաստանը մարդասիրական օգնություն է ստացել 575 հազար 400 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի պակասել է: Օրինակ, անցյալ տարվա 10 ամիսներին Հնդկաստանից ՀՀ եկել է 2 մլն 731 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստան Չինաստանից եկել է 1 մլն 642 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 2 մլն 396 հազար դոլար:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հատուկ ընդունված բանաձեւով «դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը» եւ կառավարությանը կոչ անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության հոգսերի թեթեւացմանը, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտմանը եւ դատապարտմանը։ Եվրամիության անդամ երկրի օրենսդիրները գործադիր մարմնին հորդորում են քայլեր ձեռնարկել նաեւ հրադադարի ռեժիմը պահպանելուն եւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելու ուղղությամբ:

 

 




Լրահոս