Հայաստանի նախագահի գրասենյակը կառավարությունից դեռ չի ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը: Արմեն Սարգսյանը դեռ ամսվա սկզբին էր պահանջել հաշվետվություն, դրանից 12 օր է անցել: Կառավարությունը հաշվետվությունը պետք է ներկայացնի հիմնադրամին, հիմնադրամն էլ` նախագահին:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշել է, որ մինչեւ նախագահի հայտարարությունը իրենք նույնպես մի քանի նամակ են ուղղել Ֆինանսների նախարարություն` կրկին հաշվետվություն ստանալու համար: Դեռ մեկ հակիրճ պատասխան են ստացել, սպասում են ավելի բովանդակային պատասխանի: «Հաջորդ նամակով խնդրել ենք Ֆինանսների նախարարությունից, որպեսզի արդեն բովանդակային հաշվետվություն ներկայացնեն, թե այդ գումարները ինչպես են ծասխվել եւ ծախսվելու ընթացքում»,-ասել է Հ. Արշամյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունից հետո ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով այդ թեմային, ասել էր. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարված հանգանակությունները ծառայել են իրենց նպատակին»: Ջանջուղազյանը նշել էր` նվիրաբերության գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել 2020 թվականի պետբյուջեով նախատեսված միջոցներն օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք այդ հաշվետվությունը տրամադրելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 101 միլիարդ դրամ:
Համահայկական հիմնադրամը սպասում է պատասխանի, թե, օրինակ, որքան գումար ինչ ծրագրի վրա է ծախսվել, որ հետո դրանք նախագահին տրամադրի: Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ միջազգային աուդիտորական ընկերություններից մեկը շարունակում է իրենց մոտ աուդիտը. «Որպեսզի իրենք իրականացնեն աուդիտ ոչ միայն այս դրամահավաքի ծախսված գումարների, այլեւ ընդհանրապես հիմնադրամի գործունեության, ինչը պահանջվում է օրենքով, եւ սա միջանկյալ աուդիտ է` հիմնական կենտրոնացած հենց այս գործունեության վրա»:
Նախագահի հայտարարությունում նաեւ ասված էր. «Միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում, կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությունը նվիրատվության ձեւով փոխանցած 52 միլիարդից ավելի գումարը պետք է վերաձեւակերպի որպես պարտք փոխառության ձեւով «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով»: Այդպես, ըստ նախագահի, կառավարությունը կարող է հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ:
Ինչ վերաբերում է վստահությանը, Հայկակ Արշամյանը նշել է, որ գումարների փոխանցումը կառավարությանը կայացրել է հոգաբարձուների խորհուրդը: Դա հիմնադրամի գործադիր տնօրինության որոշելիքը չէ. «Մամուլում եւ հատկապես սոցիալական մեդիաներում հայտնված տեղեկատվությունն ավելի շատ տեղեկատվական մանիպուլյացիաների արդյունք է, ինչպես այսօր տեսնում ենք, որ ամենուրեք է դա: Նոյեմբերի 9-ից մինչեւ նոյեմբերի 26-ը, այսինքն` երբ որ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում հիմնադրամի տարեկան հերթական հեռաստամարաթոնը` տարեկան դրամահավաքը, հավաքագրվեց շուրջ 23 միլիոն դոլար: Նույն ընթացքում Ֆրանսիայի մեր գործընկերները հավաքագրեցին 3 միլիոն դոլար: Հիմա արդյոք դա խոսո՞ւմ է վստահության մասին, թե՞ անվստահության մասին»:
ԱՌԳՐԱՎՎԵԼ Է 1280 ԿԳ «ՍԻԳ»
Հաշվի առնելով «Իշխան» եւ «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը՝ ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով «Սեւանի ՃՈ», «Դիլիջանի» հենակետերում, Սեւանա լճի ափամերձ եւ ջրային հայելու տարածքից Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում առգրավվել է 3623 հատ, ընդհանուր քաշով 1280 կգ «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաեւ Սեւանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանցեր: Առգրավված ձկները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի գիշերօթիկ դպրոց», Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած, ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑԵՑԻՆ
Գորիս-Կապան ճանապարհը փակած քաղաքացիները երեկ դադարեցրին բողոքի ակցիան, սակայն նշեցին, որ իրենց գործողությունները կրելու են շարունակական բնույթ: «Մենք այսքան ժամ այստեղ կանգնելուց հետո մեր հայրենակիցների հետ միասին էլի ոչ մի հստակ պատասխան չստացանք: Դավաճանած անձի կողմից կնքված պայմանագիրը լիարժեք իր գործողությունները կատարում է, եւ մենք քանի որ անհանգստություն ենք պատճառում մարդկանց, այսօր ժամանակավորապես կբացենք ճանապարհը: Ակցիաները լինելու են շարունակական, ամեն օր: Նա, ով 30-40 կմ առաջ դրված պոստերը մեկ գրչի հարվածով հետ բերեց, նվիրեց թուրքին, մինչեւ տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սեւ աթոռից եւ չհանձնի այդ աթոռը նրան, ով կգա եւ պատասխանատու ձեւով այս հարցերին լուծում կտա: Մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան, որ գա մարդ, որ մեր հարցերին պատասխաններ տա: Ժամը 5-ը ուժի մեջ է, այդ ժամին այն տարածքները, որոնք գծագրով, GPS-ով մտնում են թուրքի հողի մեջ, հանձնվելու են թուրքերին: Թե ով է երաշխավորելու սյունեցու անվտանգությունը, դեռ պարզ չի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «Սա գոյատեւման պայքար է, քանի որ վտանգված է Սյունիքն ամբողջությամբ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ անտերության ենք մատնված: Իշխանությունից չկա մի մարդ, որ գա, լսի սյունեցու ձայնը: Այդ պայմանագիրը, որ ասում են՝ եռակողմ է, դադարեցրեք ասել եռակողմ, այն դարձել է արդեն երկկողմ՝ թուրք եւ ռուս, որովհետեւ այստեղ չկա Հայաստանի ներկայացուցիչ, որը պետք է պահի սյունեցու, հայի եւ արցախցու ինքնությունը եւ պաշտպանի իր անվտանգությունը: Մենք նահանջելու տեղ չունենք: Պի՛նդ եղեք, սյունեցին ամուր կագնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր»:
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննությամբ պարզվել է, որ 40-ամյա տղամարդը, զբաղեցնելով Հայաստանում գործող բանկերից մեկի ավտոմատացված բանկային համակարգի ուղեկցման բաժնի պետի պաշտոնը եւ իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում ունենալով բանկի ավտամատացված բանկային համակարգում գործողություններ կատարելու իրավասություններ, 2019թ. դեկտեմբերից մինչեւ 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ անմիջապես բանկի ավտամատացված համակարգից իր եւ Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացիների, ինչպես նաեւ Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 197 մլն 135 հազար ՀՀ դրամ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
ՄԻՊ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։ Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին եւ վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված են Պաշտպանի համար: