ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային կոթողները ոչնչացումից փրկելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել պատերազմի ընթացքում հայկական հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր եւ փաստեր։
ԱԳՆ բազմակողմ քաղաքականության եւ զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքով՝ Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զինադադարի հաստատումից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից մեկն է դարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պատշաճ եւ երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը եւ մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը։
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սեւեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա, դատապարտելու եւ կանխելու հուշարձանները դիտավորյալ վնասելու դեպքերը։ Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են գործընկեր բոլոր կառույցներին եւ երկրներին: ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է իր գործընկերների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների եւ հանդիպումների ընթացքում: Ըստ Ա. Խաչատրյանի՝ Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայից ի վեր ակտիվ համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաեւ կապի մեջ է եղել մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների եւ կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ, Թանգարանների միջազգային խորհուրդ, Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ, «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն, Մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն, Հնագետների եվրոպական ասոցիացիա, Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալիանս:
Վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների եւ հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Վերոնշյալ կազմակերպություններից շատերը հանդես են եկել հայտարարություններով՝ մտահոգություն հայտնելով Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության առնչությամբ:
Հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման եւ սրբապղծման վտանգի, ինչպես նաեւ հայկական քրիստոնեական հուշարձանները աղվանական ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետեւողական քաղաքականության մասին՝ կազմակերպությանը փոխանցելով վտանգված հայկական հուշարձանների նախնական ցանկը: Ընդգծվել է, որ Արցախի տարածքում հայկական քաղաքակրթական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ու նենգափոխմանն ուղղված այս բոլոր գործողությունները հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի, վերջինիս երկու արձանագրությունների, ինչպես նաեւ ՄԱԿ ԱԽ 2017 թվականի 2347 բանաձեւի բացահայտ խախտում են, հակասում են համամարդկային արժեքներին: Նմանօրինակ քայլերը պետք է դատապարտվեն եւ կանխվեն այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շնորհիվ:
Նշենք, որ նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել այտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել տեխնիկական աջակցություն եւ առաքելություն ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի պատմամշակութային եւ կրոնական ժառանգությանը տեղում ծանոթանալու եւ դրանց արդյունավետ պահպանման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով: Առաքելության իրականացման հարցն այսօր օրակարգում է, մենք աշխատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր գործընկերների հետ՝ համաձայնեցնելու համար առաքելության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ մանրամասները:
861 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 861 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152253-ի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 561013, վերջին մեկ օրում` 2567 նոր թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: 152253 վարակված դեպքերից 131213-ը առողջացած է, 2596-ը` մահվան ելքով: Ունենք 1223 առողջացած եւ 15 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ՝ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
ՎՃԱՐ ՉԻ ԳԱՆՁՎԻ
«Հայփոստ»-ի միջոցով փաթեթներ եւ ծանրոցներ արտասահման առաքելիս մինչեւ 200 եվրո արժեքով առաքանիների համար այլեւս մաքսային զննության եւ ձեւակերպման վճար չի գանձվի։ «Հայփոստ» ՓԲԸ-ից մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման եւ ձեւակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար: Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձեւաթուղթը։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանաական անձանց:
ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ ԷՐ
Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները երեկ փակել էին Երեւան-Գյումրի ճանապարհը: Շիրակի մարզում համատարած բողոքի ակցիաներ են` Հադրութում գերի ընկած 150 շիրակցիներին վերադարձնելու պահանջով: Հիշեցնենք` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը՝ դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՎՍ 35 ԱՃՅՈՒՆ
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութի հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 35 հայ զինծառայողի աճյուն եւ մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին ArmLur.am-ին փոխանցել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: «Զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Առայսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին: Որոնողական աշխատանքները շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորներ»,- մանրամասնել է Հ. Թադեւոսյանը:
80 ՏՈՆՆԱ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը 80 տոննա հումանիտար օգնություն է առաքել Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 15 բեռնատար մեքենա նախօրեին հումանիտար օգնություն է առաքել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ եւ Ասկերան: Ընդհանուր առմամբ, 80 տոննա անհրաժեշտ հումանիտար օգնություն է հասցվել: