Հայաստանի մի քանի գերատեսչություններ վաճառքի են հանել ծառայողական ավտոմեքենաներ: Բնականաբար աճուրդի հանված ավտոմեքենաները հին տարեթվի արտադրության են եւ օգտագործած։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված ծառայողական ավտոմեքենան: Խոսքը «Lexus LX 470» մակնիշի ավտոմեքենայի մասին է. այն վաճառելու որոշումը կայացվեց կառավարության դեկտեմբերի 3-ի նիստին: Ըստ գործադիրի՝ մեքենայի վաճառքն իրականացվում է վարչապետի հանձնարարականի շրջանակում՝ պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացն ապահովելու նպատակով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2002 թվականի արտադրության այս ավտոմեքենայի վաճառքի գինը կազմում է 5 մլն 856 հազար դրամ, նախավճարը՝ 292 հազար 800 դրամ: Հայտնի է նաեւ աճուրդի օրը, այն կկայանա հաջորդ տարվա հունվարի 11-ին:
Բացի այս, վաճառքի է հանվել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ՙToyota Corolla՚ մակնիշի ավտոմեքենան, որը գնահատվել է 1 մլն 179 հազար դրամ: Այս մեքենայի աճուրդը կկայանա հունվարի 13-ին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեքենայի շարժիչն ու փոխանցման տուփը ենթակա են վերանորոգման, թափքն ունի մասնակի վերանորոգման կարիք, իսկ ընթացային մասն ու մարտկոցն անբավարար վիճակում են:
Վաճառքի հանված ծառայողական ավտոմեքենաների թվում է նաեւ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 1999 թվականի արտադրության ՙBMW 750 ILS՚ մեքենան, որը զրահապատ է, բայց փոխանցման տուփը վնասված է եւ ենթակա է վերանորոգման: Նշված ավտոմեքենան վաճառքի է հանվել 4.5 մլն դրամով:
Փաստորեն գերատեսչությունները անցել են խնայողությունների ռեժիմի. լծվել են իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.