ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն աշխատանքային այց կատարած Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին և ՌԴ քննչական կոմիտեի՝ հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ Վահե Հարությունյանը բարձր է գնահատել ՀՀ և ՌԴ զինվորական դատախազությունների միջև ձևավորված և շարունակվող բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը, որը բխում է երկու երկրների միջև առկա բարեկամական և ռազմավարական հարաբերությունների ոգուց: ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես ընդլայնում է Արցախի և արցախահայության անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծում շփման գծում ընդհանուր լարվածության թուլացման համար: Վահե Հարությունյանը նշել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը լրացուցիչ խթան է համագործակցության առավել սերտացման, աշխատանքային հանդիպումների և առաջացող խնդիրներն օպերատիվ կերպով լուծելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազության և քննչական վարչության կողմից Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի իրավական սպասարկման կազմակերպման, այդ շրջանակներում իրավական ոլորտում ՀՀ և ԱՀ դատախազական և քննչական մարմինների գործակցության կառուցակարգերին և եղանակներին վերաբերող հարցեր: