«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկիզբ խորհրդարանում գումարվելու է արտահերթ նիստ: Բանն այն է, որ պատգամավորները դեռեւս չեն հասցրել քննարկել բոլոր հարցերը, որոնք ընդգրկված են եղել օրակարգում, եւ արտահերթ նիստում նպատակ ունեն անդրադառնալ դրանց: Արտահերթ նիստում օրակարգում մնացած հարցերը քննարկելուց հետո էլ կհայտարարվի նստաշրջանի ավարտի մասին:
Մենք տեղեկացանք, որ արտահերթ նիստում քննարկվելիք հարցերից մեկն էլ լինելու է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նաեւ կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ. հարցը ներկայացրել են Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը:
Արսեն Թորոսյանը ծանր է տարել պատգամավորների նախաձեռնությունը եւ զարմացել, թե ինչու են նրանք այդպիսի նախագիծ ներկայացնում եւ հետաձգում օրենքի կիրառումն եւ վերջնական ուժի մեջ մտնելն այն դեպքում, երբ նախագիծը բազմիցս քննարկվել է: Իսկ պատգամավորներն էլ, հատկապես՝ Բաբկեն Թունյանը, բարձրաձայնել է, թե այժմ ժամանակը չէ, որ օրենքը մտնի ուժի մեջ, եւ պետք է օրակարգից առհասարակ հանել այն եւ հետաձգել օրենքի կիրառումը: Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցություններն այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավեր։ Տեսնենք՝ կստացվի արդյոք ստորագրագություն հավաքել եւ ռազմական դրության չեղարկման հարցով նիստ հրավիրել։
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։