Արդյոք ընդդիմության լիդերները գիշերել են հրապարակում՝ ցուցարարների կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարեց, որ իրենք գիշերելու են Հանրապետության հրապարակում ու մնալու են այնտեղ այնքան ժամանակ մինչեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի: Սակայն այսօր առավոտվանից քննարկվում է այն հարցը, որ քաղաքական լիդերները այդպես էլ չմնան այն ժողովրդի կողքին, որին հրավիրել էր Հանրապետության հրապարակ:

ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ պարզելու համար, թե ինչու քաղաքական լիդերները չգիշերեցին հրապարակում: Սաղաթելյանն ասաց, որ իրականում դա այդպես չէ, քանի որ ինքը կեսգիշերին այնտեղ է եղել ու գրեթե բոլորը հրապարակում էին: «Նաիրա Զոհրաբյան, Արթուր Ղազինյան, Վահրամ Բաղդասարյան, Էդուարդ Շարմազանով, Յուրի Խաչատուրովն էր, բոլորն էլ հրախարակում էին, ժողովրդի հետ էին, սուտ տեղեկություններ են»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նշենք, որ երեկ Սաղաթելյանը նշեց, որ այսօր ամբողջ Հանրապետությունով կշարունակվեն անհնազանդության ակցիաները, իսկ 16:00-ին Հանրապետության հրապարակում կլինի մեծ հանրահավաք:

Ի դեպ նշենք, որ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: «Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։ Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը»,-հայտարարել է Սաղաթելյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս