Հետպատերազմական շրջանում արցախցի փաստականների համար ապաստարաններ գտնելու հարցում օգնության խնդրանքով Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանին: Սրա մասին Ռիա Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ պատերազմի հետևանքով 35-45 հազար մարդ դարձել է անօթևան: Նրանց մի մասի տները ոչնչացվել են հրետանային կրակի հետևանքով, իսկ մի մասը զրկվել է ունեցվածքից, քանի որ հայկական տարածքների մի մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Գրիգորի Մարտիրոսյանի պնդմամբ՝ այս պահին փախստականների մեծ մասը գտնվում են Հայաստանում, և նրանց վերադարձն Արցախ ապահովելու համար անհրաժեշտ են գոյության գոնե նվազագույն պայմաններ: Վերադարձող փախստականներին կացարանով ապահովելու համար Արցախի իշխանությունները տրամադրում են ժամանակավոր կացարաններ՝ դրա համար ներգրավելով բնակարանային երկրորդային ֆոնդը, հյուրանոցներն ու հասարակական նշանակության շենքերը: Սրա հետ մեկտեղ, ըստ Մարտիրոսյանի, Արցախը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ օգնության խնդրանքով: Ընդ որում՝ որոշակի օգնություն արդեն ստացվել է: Խոսքը վերաբերում է շինանյութերին և առաջին անհրաժեշտության պարագաներին, որոնք ՌԴ-ն արդեն իսկ տրամադրել է: