«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է Արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ: «Այն խորհրդարանում ստեղծելը նպատակահարմար չէ, քանի որ դրանում իշխանության ներկայացուցիչների թիվը մեծ կլինի, այդ պատճառով առաջարկել ենք պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել»,-պարզաբանեց Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ հանձնաժողովի կազմում պետք է լինի 16 մարդ. յուրաքանչյուր խմբակցությունից պետք է առաջարկվի 4-ական ներկայացուցիչ, իսկ իսկ ԱԺ չանցած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը՝ մեկական ներկայացուցիչ: Բացի այդ, ՀՀ ՄԻՊ-ը եւս պետք է իր ներկայացուցչին ուղարկի: Նոր կառույցի անդամները կաշխատեն անվճար, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում:
Նա նշեց, որ հանձնաժողովը փաստեր կհավաքի պատերազմի նախապատրաստական փուլի առնչությամբ: Մասնավորապես, ի՞նչ իրավիճակում է եղել ՀՀ ԶՈւ-ն, որքանո՞վ է պատրաստ եղել մարտական գործողություններին:
«Հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն նաեւ, թե ինչ պրոցեսներ են ընթացել դիվանագիտական մակարդակում, րոնք նպաստել են պատերազմի վերսկսմանը։ Հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ իրադարձությունները մարտական գործողությունների ժամանակ, ապա ստացված փաստերի հիման վրա ընդհանուր եզրակացություն կկազմի»,-նշեց Մարուքյանը: