2021Թ. ՀՀ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը դեկտեմբերի 19-ին զրուցել էր ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ: Մենք փորձել էինք Թովմասյանից պարզել ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների գծագրման հարցերը ու ամփոփել տարվա աշխատանքը:

 

-Հեղափոխությունից հետո՝ Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, ի՞նչ եք իրականացրել Կադաստրի կոմիտեում, որը մինչեւ այս չէր կատարվել: Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից:

-Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին, եւ շուրջ մեկ տարի է, ինչ ղեկավարում եմ կոմիտեն։  Պաշտոնը ստանձնելու պահից համակարգի բարձր որակավորում ունեցող եւ հրավիրված մասնագետների օգնությամբ ձեռնամուխ ենք եղել ինչպես համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, այնպես էլ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների սահմանմանը եւ իրականացմանը։ Ի սկզբանե նպատակ է դրվել հնարավորինս թվայնացնել կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները, պարզեցնել իրավունքների պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման գործընթացները, նվազեցնել պետական պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփումը՝ նախատեսված միջոցառումների վերջնարդյունքում ակնկալելով մատուցվող ծառայությունների որակի բարելավում, ժամկետների եւ ծառայության վճարների կրճատում, ինչպես նաեւ պետական միջոցների խնայողություն։ Իրականացված աշխատանքներից նախ եւ առաջ կցանկանայի անդրադառնալ համակարգի գործունեության ավտոմատացման ուղղությամբ կատարված որոշ աշխատանքներին, որոնց արդյունավետությունը եւ խիստ անհրաժեշտությունը զգացվեց արդեն իմ նշանակումից ընդամենը մի քանի ամիս հետո, երբ համավարակի հետեւանքով անհրաժեշտություն եղավ փակել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները։ Մասնավորապես, 2020 թվականի հունվարից, երբ դեռ որեւէ կանխատեսում անգամ չկար, որ համավարակի հետեւանքով կունենանք որոշակի սահմանափակումներ, մենք ձեռնամուխ էինք եղել կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի արդիականացմանը, քանի որ 2019 թվականին օրական միջինը առցանց ներկայացվել էր 40-50 դիմում, որը կազմում էր օրական ներկայացվող դիմումների ընդամենը 2%-ը։ Արդյունքում 2020 թվականի մարտից վերագործարկվեց կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդիականցված հարթակը, որը թույլ տվեց, համավարակով պայմանավորված, սպասարկման գրասենյակների փակ լինելու պարագայում օրական ընդունել շուրջ 1000 առցանց դիմում եւ ապահովել անշարժ գույքի շուկայի բնականոն գործունեությունը։ Համակարգի գործունեության ավտոմատացման ուղղությամբ կատարվել են մի շարք այլ աշխատանքներ, որոնցից ներկայացնեմ ընդամենը մի քանիսը.

  1. մշակվել է Ազգային գեոպորտալը, որը արդեն այս տարվա վերջ հասանելի կլինի պետական մարմիններին,
  2. ներդրվել է առցանց քարտեզագրական համակարգ, որում հաջողվել է մի քանի ամիսների ընթացքում ներմուծել եւ առցանց վարել շուրջ 130 համայնքների քարտեզներ,
  3. մշակվել եւ պատրաստ է ներդրման Չափագրողների առցանց գրասենյակը, որը ինչպես կավտոմատացնի եւ կբարելավի որակավորված չափագրողների աշխատանքը, այնպես էլ կնվազեցնի քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի քանակը,
  4. մշակվել եւ ներդրվել է Անշարժ գույքի հաշվիչը, որի միջոցով հնարավոր է պարզել Ձեր անշարժ գույքի նոր կադաստրային արժեքը եւ առաջիկա վեց տարիների հարկը։

Մեծածավալ աշխատանքներ են տարվել ինչպես տվյալների բազայի ճշգրտման եւ ամբողջականացման, այնպես էլ քարտեզագրական նյութերի ուղղման ուղղությամբ։ Նշեմ, որ 2020 թվականի ընթացքում ամբողջությամբ կատարվել են կառավարության միջոցառումների եւ գերակա խնդիրների ծրագրով նախատեսված աշխատանքները։ Կարծում եմ, որ մեր աշխատանքի գնահատականը մենք չէ, որ պետք է տանք, այլ կոմիտեի ծառայություններից օգտվող անձինք։

 -Այս պահին կոնկրետ ի՞նչ հարցեր է քննարկում ձեր գերատեսչությունը, եւ ո՞ր հարցն է հրատապ համարվում, որին անհրաժեշտ են լուծումներ:

-Քանի որ արդեն անդրադարձ կատարել էի առաջնահերթ կարեւորություն ունեցող ՀՀ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի խնդրին, ապա անդրադառնամ առաջնահերթ կարեւորություն ունեցող մյուս աշխատանքներին։ Այդ աշխատանքներն են.

  1. կադաստրային քարտեզների ուղղումը, որի իրականացման համար արդեն ստեղծվել են իրավական նախադրյալներ եւ իրականացվել են պիլոտային տարածքի օդային նկարահանումներ, իսկ արդեն 2021 թվականի սկզբից ամբողջ ծավալով կմեկնարկեն քարտեզների ուղղման աշխատանքները,
  2. ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանման աշխատանքների իրականացումը, որը կիրականացվի 2021 թվականին եւ կնպաստի Կադաստրի կոմիտեի եւ մի շարք այլ ոլորտների կարեւորագույն խնդիրների լուծմանը,
  3. ազգային գեոպորտալի արդյունավետ գործարկման եւ դրա զարգացման աշխատանքները,
  4. տարածական տվյալների ազգային ստանդարտների մշակման եւ ներդրման աշխատանքները, որի ուղղությամբ արդեն իսկ կատարել ենք մեծածավալ աշխատանքներ,
  5. մատուցվող ծառայությունների առավել ավտոմատացմանը եւ դրանց շարունակական զարգացմանը միտված աշխատանքները,
  6. գրացման գործընթացների ու վարչարարության շարունակական պարզեցմանը ուղղված աշխատանքները եւ այլն։

 -Մշտապես խոսվել է, որ Կադաստրի կոմիտեն եղել է այն կառույցը, որտեղ կոռուպցիան գերիշխել է. կարո՞ղ եք վստահեցնել, որ այժմ կոմիտեում իսպառ բացակայում է կոռուպցիան:

-Որպես կոմիտեի ղեկավար՝ կարող եմ վստահեցնել Ձեզ միայն նրանում, որ իմ եւ կոմիտեի ղեկավար անձնակազմի կողմից իրականացվում է հնարավորը նման երեւույթները բացառելու ուղղությամբ, սակայն կարծում եմ եւ այն համոզմանն եմ, որ կոռուպցիոն երեւույթների իսպառ բացակայության հնարավոր է հասնել միայն համակարգային բարեփոխումների, այդ թվում՝ ծառայությունների հնարավորինս ավտոմատացման եւ գրանցման գործընթացների առավելագույնս պարզեցման արդյունքում, որոնց ուղղությամբ էլ մեր կողմից իրականացվում է ամենօրյա հետեւողական աշխատանք։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԵՐԵՎԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած նախապես հայտարարել էր, որ Սյունիքի մարզ այցի ընթացքում լինելու է Գորիսում, Կապանում եւ Մեղրիիում, կիսատ թողնելով այցը՝ վերադարձել է Երեւան:

 

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Գորիս տանող ճանապարհը փակել են, որպեսզի «ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում»: Փաշինյանը նշել է՝ սգի օրով ուժային գործողությունների չեն գնա:

«Ճանապարհը փակել են, որովհետեւ գիտեն, որ Գորիսում էլ է այսպիսի չկազմակերպված հավաք լինելու, Կապանում էլ, Մեղրիում էլ: Մենք առավել եւս այս սգի օրը սադրանքների չենք տրվելու: Ոչինչ Մեղրին էլ է իր տեղում, Կապանն էլ է իր տեղում, Գորիսն էլ է իր տեղում, այսօր մենք եկանք Սյունիք, այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, այսօր մենք մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմանին, ու այս պրոցեսը կշարունակվի: Մենք սադրանքների չենք գնալու», – հայտարարել է Ն. Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից փակել էին Գորիս տանող ճանապարհը, որպեսզի Փաշինյանը քաղաք չմտնի: Վարչապետն առավոտյան Սյունիքի մարզ ուղեւորվելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր այցը կրքերը բորբոքելու համար չէ:

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր. այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր: Նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերադարձնեն տեղի խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:

 

 

2 ՄԼՐԴ ՀԱՏԿԱՑՈՒՄ

Ադրբեջանի կառավարությունը 2021թ. 2 միլիարդ 200 միլիոն մանաթ (1 միլիարդ 300 միլիոն դոլար) է հատկացնելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի հսկողության տակ հայտնված տարածքների վերականգնմանը: Որոշումը ներառված է Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի օրինագծում: Կառավարությունը մտադիր է գումարն ուղղել Բաքվի հսկողության տակ գտնվող բնակավայրերում ենթակառուցվածքների, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային ժառանգության վերականգնմանը:

 

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ 2020 թվականի ընթացքում զինված ուժերի մարտական կարողությունն աճել է 13 տոկոսով: «Այս տարվա համար նախատեսված բոլոր խնդիրները կատարվել են, մարտական կարողությունն աճել է 13 տոկոսով, երաշխավորվել է երկրի մարտունակության անհրաժեշտ մակարդակը», – ասել է Շոյգուն Պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում: Նախարարի փոխանցմամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության 2021-25 թվականների ծրագիրը: Շոյգոյի խոսքով՝ 2020 թվականին բանակը ստացել է ավելի քան 250 հազար միավոր սպառազեն եւ տեխնիկա: «Պետական պաշտպանության պատվերները 100 տոկոսով կատարվել են», – ասել է Սերգեյ Շոյգուն: ՌԴ պաշտպանության նախարարի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների համար մինչեւ 2021 թվականի ապրիլ կստեղծվի 32 մոդուլային արդիական զինվորական ավան: «Ստեփանակերտում ռուսաստանցի խաղաղապահների համար արդեն կառուցվել է 2 մոդուլային հավաքովի ավան, որտեղ կարող է բնակվել 330 մարդ: Մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը տեղակայված կլինի 32 նմանատիպ ավան: Ամեն ինչ կարվի խաղաղապահների ծառայության եւ բնակվելու հարմարության համար», – նշել է Շոյգուն:

 




Լրահոս