ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբ Հայաստանի սահմանապահ զորքերը կանգնում են ՀՀ-ի սահմանին, դրանով անվտանգության աստիճանն ուժեղանում է, սահմանազատումն իրականացվում է 2010-ին Հայաստանում ընդունված օրենքին համապատասխան: Փաշինյանն այս մասին ասաց Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ պարզաբանելով, թե ինչ է տեղի ունենում Սյունիքի սահմանների երկայնքով:
«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ այն, ինչ որ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է: Իրականում լրիվ հակառակն է: Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետւ ՀՀ-ի սահմանը նաեւ անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք»,- ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ հարցնում են՝ ինչու են այդ սահմանին կանգնեցնում զորքերը, ով է որոշել այդ սահմանը, ինչ իրավական հիմքով է որոշվել: Վարչապետը նշեց, որ այդպիսի հարց տալիս են նաեւ, օրինակ, 2010-ին ԱԺ պատգամավոր, նախարար եղած, ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք: «Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները, մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ-ի վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Այդ օրենքն ընդունվել է 2010-ին: Այդ օրենքում, օրինակ, Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաեւ Ադրբեջանի հետ սահմանը: Դա եղել է 2010-ին, այդ ժամանակ ինչո՞ւ է օրենքի մեջ գրվել, եւ այդ ժամանակվա կառավարությունը ներկայացրել է օրենքը: Կառավարությունը ընդունել է այդ օրենքը, որով նկարագրված են սահմանները, որտեղ այսօր խնդիր է առաջանում»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ հիմա այդ տարիներին կառավարության անդամ, ԱԺ պատգամավոր եղած անձինք իշխանությանն ասում են՝ ինչու են այդ կետերով կանգնում, այդ սահմանը ճանաչում են արդյոք: «Բայց չէ՞ որ ձեր ընդունած օրենքով դա օրենքի ուժ է ստացել: Այդ ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ դա Արցախի Հանրապետության տարածքն է»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ ուզում է, որ բոլոր սյունեցիները հստակ պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենում. դա արվում է Սյունիքի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին՝ նա ասաց՝ երաշխավորված է այնքանով, ինչքանով մեր անվտանգային համակարգն արդյունավետ է:
Իսկ ի՞նչ օրենքի եւ ի՞նչ վարչատարածքային բաժանման մասին է խոսքը: Չորրորդ գումարման խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի օրենքում փոփոխություն էր կատարվել 2010 թվականի հունիսի 24-ին: Այդ օրենքում հանդիպում ենք նաեւ այսպիսի ձեւակերպումների՝ օրինակ՝ Խնձորեսկ համայնքի մասին նկարագրության մեջ կարդում ենք. «Խնձորեսկ-պետական սահման՝ Ադրբեջանի Հանրապետություն», եւ նշվում է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Նման պատկերի ենք ականատես լինում նաեւ այս նույն տարածքը քարտեզով դիտարկելիս: Իսկ, ահա, Խոզնավար համայնքի նկարագրության մեջ էլ կարդում ենք, որ կրկին այդ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ. նույն իրավիճակն է նաեւ քարտեզը դիտարկելիս: Նույն նկարագրությունն է առկա նաեւ Շուռնուխի պարագայում, եւ այն առավել խնդրահարույց է, երբ դիտարկում ենք քարտեզը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2010 թվականին չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Սյունիքի մարզից եղել է Վահե Մաքսիմի Հակոբյանը, որը կարող էր մասնակցել այդ օրենքի ընդունմանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, սակայն Հակոբյանը հեռախոսազանգերին չպատասխանեց: Մենք զրուցեցինք Էդուարդ Շարմազանովի հետ, որն այդ ժամանակ պատգամավոր է եղել: Նա նշեց. «Այդ օրենքը որեւէ առնչություն չունի պետական սահմանների ճանաչման հետ: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մուտիլովկան է՝ շեղել ուշադրությունը բուն խնդրից: Ինքը կապիտուլյացիա է ստորագրել, ինքն է պարտության միակ պատասխանատուն, ինքն է հանձնել Արցախի 75 տոկոսը, ինքն է տվել հողերը եւ վերջ»:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել խորհրդարանի պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեկտեմբերի 18-ին:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄ
«ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում պարբերաբար քննարկվում եւ քննադատվում են Թուրքիայի իշխանությունների կողմից տարբեր քաղաքապետերի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. այդ զեկույցների մասին հիշեցի, երբ տեղեկացա, որ ձերբակալել են Գորիս համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանին»,- հայտնել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բռնաճնշում վարչապետի աթոռին կառչած անձի կողմից, ով իրավապահ մարմինների միջոցով շարունակում է լռեցնել իր ընդդիմախոսներին։ Սա դատապարտելի արարք է եւ ապագայում պետք է արժանանա հստակ քրեաիրավական գնահատականի»,-նշել է նա։
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Դավիթ Մանուկյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Դավիթ Մանուկյանին 2020 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության կատարումը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: «Դեկտեմբերի 21-ին կայացել է Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները կարծիքներ են փոխանակել հարցերի կատարման մասին, որոնք բխում են նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, եւ երկկողմ հարաբերությունների օրակարգի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ շահ ներկայացնող տարածաշրջանային հարցեր:
ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է Գորիս-Դավիթ բեկ ճանապարհի անվտանգության ապահովման վերաբերյալ հարցին: Այս մասին նշել է նախարարը: «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը, եւ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի եւ ճանապարհի այդ հատվածում որեւիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետեւում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում: Այս իրավիճակում ճանապարհի շարժի անվտանգությունը երաշխավորված է»,- ասել է նախարարը: Վաղարշակ Հարությունյանն, անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութերին, որտեղ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեւում են ադրբեջանական բանակի զինծառայողներ, նշել է, որ այստեղ մտահոգվելու որեւէ բան չկա, պարզապես պետք է ուշադիր լինել:
«Եթե այդպիսի դեպքեր են լինում՝ անհասկանալի մեր քաղաքացիների համար, ապա իրենք պետք է կապվեն ԱԱԾ-ի թեժ գծով եւ այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որ մեր հանրությունն իմանա»,- նշել է պաշտպանության նախարարը: