Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է: Քաղաքապետի անվան շուրջ քրեական գործերն ու աղմուկը բազմաթիվ են եղել: Նա մշտապես եղել է իրավապահների տեսադաշտում: Ներկայացնենք մի քանի փաստ:
Օգոստոսի 28-ին Գորիս քաղաքում տեղի էր ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01:0-ի սահմաններում, Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարեւանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի: Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Առուշ Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը, եւ 30-ամյա Հարութ Լալազարյանը:
Փաստ 2
Գորիսում կալանել էին կապալառու կազմակերպության՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերության հինգ բեռնատար մեքենաները, որոնք Գորիսից խիճ ու ավազ էին տեղափոխում կառուցվող ճանապարհի համար։ Տաթեւ-Կապան ավտոմայրուղու ավազը մատակարարել է «Բեսթ Ռոուդ» ընկերությունը, որը կապվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, եւ դա է պատճառը, որ իրավապահները կալանել են բեռնատարները, քանի որ քաղաքապետի անվան շուրջ քրեական գործեր են քննվում:
Փաստ 3
Ամիսներ առաջ Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել: Վերջիններս առեւանգել էին Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Քրեական գործով փաստաբան Լուսինե Զեյնալյանը լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում: Նախաքննական մարմինը այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության էր հրավիրել Առուշ Առուշանյանին, որը նախաքննական մարմիններին հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել:
Փաստ 4
Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով: Հայտնել էր, թե, իբր, շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել: Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները: Պարզվել էր նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել էր Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Եվ, մեր տեղեկություններով, այս քրեական գործով դարձյալ անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մասնավորապես՝ այն դրվագով, որ նա է այդ դիմումի տակ ստորագրող անձը եղել:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ նրան այսօր բերման ենթարկելու որոշումն էլ հենց կապ ունի այս գործերից մեկի հետ:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաեւ Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ
2020թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանությունում Արտաշատ քաղաքի 55-ամյա բնակչից ահազանգ է ստացվել, որ իր տանը հյուրընկալած անձը չի արձագանքում, ենթադրում է, որ նա մահացել է: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում աթոռին նստած վիճակում հայտնաբերել է 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը 54-ամյա տղամարդը հյուրընկալվել է իր ծանոթին, միասին ալկոհոլ են օգտագործել, որի ժամանակ վերջինիս եւ տանտիրոջ միջեւ վիճաբանություն է առաջացել կենցաղային հարցերի շուրջ, ինչը վերաճել է հրմշտոցի, որի ընթացքում տանտերը՝ 55-ամյա տղամարդը, դանակով հարվածել է հյուրի կրծքավանդակին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման հետքերով խոհանոցային դանակ, վերցվել են փորձանմուշներ:
Արտաշատի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է սպանություն կատարելու կասկածանքով եւ ցուցմունք տվել: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է. «Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երեւույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է՝ նաեւ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր եւ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգեւոր հովվի հետ: Նման ահազանգեր արձանագրել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Այս երեւույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որեւէ տեսակի դրսեւորում: Դա նախեւառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել եւ շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում եւ ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում: Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել եւս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար: Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»:
ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔՈՎ
Օրեր առաջ Ասկերան քաղաքի բնակիչ Մ. Հ.-ի, Ա. Ա.-ի եւ նույն շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս.Դ.-ի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում Մ.Հ.-ն իր ավտոմեքենայում ապօրինի պահվող ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգով Ս.Դ.-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակահերթեր է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1- ին մասով եւ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված եւ վարույթ է ընդունված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: