ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի դեմ սանձազերծած եւ Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, առավել մեծ հետեւողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի մշտադիտարկում պատերազմին, դրա աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսեւորումների վերաբերյալ տվյալների եւ փաստերի հավաքագրման նպատակով:

 

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում եւ ՀՀ ՀՔԾ-ում քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով` ներկայացվում է հետեւյալը:

2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: Պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաեւ զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի՝ մարտական խնդիրներ լուծող ստորաբաժանումներում տարածվել են խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրության շարունակումն անիմաստ լինելու վերաբերյալ տեղեկություններ: Այդ փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն, որի շրջանակում կան նաեւ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք: Ռազմական դրության պարագայում Արցախի Հանրապետության հարավային ուղղությամբ ծավալված ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ենթադրաբար հրաժարվելու փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է: 2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի ակումբ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսից անմիջապես հետո դրա տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար։ Արդյունքում, 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել  են պատերազմի արդյունքի վրա։ Զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում մշտադիտարկման արդյունքում դեռեւս 2020թ. նոյեմբերի կեսերին կազմվել է զեկուցագիր այն մասին, որ վեր հանված մի շարք հրապարակումներում, գրառումներում եւ տեսանյութերում առկա են պնդումներ եւ ընդհանուր բնույթի տվյալներ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի եւ կամավորականների՝ Արցախի Հանրապետության հարավարեւելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում եւ քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման տալու միջոցով Շուշի քաղաքը դիտավորությամբ նպատակային եւ պլանավորված կերպով Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու, առանձին դեպքերում՝ առանց հրամանի դիրքերը լքելու միջոցով զինվորական ծառայության պարտականությունները չկատարելու դեպքերի մասին։ Զեկուցագիրը՝ կից տեսանյութերով եւ հրապարակումներով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ներկայացված տվյալները պարզելու, լիարժեք եւ պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով, այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող վերոնշյալ քրեական գործի շրջանակներում դատավարական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ:

 

 

ՈՐՈՇԵԼ Է ԱՄԱՆՈՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի մաս կազմող, սահմանամերձ Բերդավան գյուղը որոշել է Ամանորը նշել առանց գյուղամեջում տոնածառ զարդարելու, տոնական միջոցառումներ անցկացնելու, Ամանորի հրավառություննների։ Շուրջ 3500 բնակիչ ունեցող Բերդավան գյուղը  անցած աշուն Արցախում տեղի ունեցած պատերազմում կորցրել է գյուղի 3 բնակչի, 4 հոգի՝ այդ թվում բերդավանցու որդի, Այրում  համայնքի  Դեբեդավան գյուղի բնակիչ Արտաշես Ասատրյանը, անհետ կորած են։

Վերջերս ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած, 2018թ. հուլիսի 15-ից Ադրբեջանի տարածքում հայտնված 36-ամյա  Կարեն Ղազարյանը Բերդավանի բնակիչ է։ Բերդավանն ավանդաբար ճոխ կերպով, տարատեսակ հետաքրքիր միջոցառումներով, համերգներով, թատերականացված հանդեսներով է նշում տարեմուտը, սակայն այս տարի այլ է. գյուղում սգում են հայրենակիցների կորուստը։ Բերդավան  գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ասաց, որ  գյուղում հրավառությունն արգելելը եղել է  Բերդավանի  բնակիչների ցանկությունը, բեդավանցիները ցանկություն են հայտնել, որ գյուղի խանութներում արգելվի  ճայթուկների վաճառքը։

Ս. Մուղդուսյանը հայտնեց, որ նման արգելք  չկա, սակայն  գյուղի խանութները ճայթուկներ չեն վաճառում, դրանք խանութներում  չկան։  Բերդավանում կարծում են, որ ամանորն առանց հրավառության նշելու օրինակը կարող է տարածվել այն գյուղերում, որտեղ արցախյան պատերազմում զոհեր են եղել:  Բերդավանցիները, արգելելով Ամանորին սահմանամերձ   գյուղում հրավառություն իրականացնել, այնուամենայնիվ, կարծում են, որ բնակիչներն իրենց տներում պետք է համեստորեն  նշեն տարեմուտը։ Բերդավան գյուղի ֆեյսբուքյան էջում,  հրավառության  արգելքից զատ,  նշված է նաեւ. «Իհարկե, յուրաքանչյուրիդ իրավունքն է որոշել, թե ձեր տանը ինչպես կնշեք Նոր տարին, մանավանդ այն ընտանքները, ովքեր ունեն երեխաներ, անպայման պետք է հաշվի առնեն երեխաների մանկության անխախտ ընթացքը եւ ունենան թե՛ տոնածառ, թե՛ զարդարանք, բայց պետք չէ այդ ամենին ավելացնել նաեւ ճոխ սեղաններ ու ծախսեր։ Եթե պետք է գումար ծախսեք, ապա ծախսեք նպատակին՝ նվեր գնելով կորուստ կրած երեխաների, նրանց ընտանիքների համար, կամ ներդրեք ձեր լուման զինվորների հիմնադրամին։  Ամանորի գիշերը վառեք ձեր տան հավատի մոմը եւ  մեկ մոմ ավել՝ ի հիշատակ մեր զինվորների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր կյանքի»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՑ՝ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ

Հայաստանի հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 28-ից կմեկնարկեն ձմեռային արձակուրդները: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը: «Առաջին դասարանցիների արձակուրդը տեւելու է մինչեւ 2021 թվականի հունվարի 24-ը ներառյալ, 2-րդ դասարանցիներինը՝ մինչեւ հունվարի 17-ը ներառյալ: 3-12-րդ դասարանցիները արձակուրդում կլինեն մինչեւ հունվարի 10-ը ներառյալ»,- նշել է Մելիքբեկյանը:

 

 

ԱՃԵԼ Է ԶԱՄԲՅՈՒՂԻ ԱՐԺԵՔԸ

Արցախում բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը այս տարվա դեկտեմբերի 1-ի  ընթացիկ գներով կազմել է 58 801 դրամ, իսկ  պարենային զամբյուղի արժեքը` 33 221 դրամ: ArmLur.am-ը տեղեկացել է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից: Տեղեկատվության համաձայն՝   նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի ցուցանիշը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 0,4%-ով, իսկ սեպտեմբերի 1-ի նկատմամբ` 1.2 %-ով:

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԼՈԿ-ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուս խաղաղապահների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից: «Լեռնային Ղարաբաղում ավարտվել է բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը՝ Ստեփանակերտում 250 հոգանոց ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների տեղակայման համար։ Այս պահին մենք մոտենում ենք ինժեներական սարքավորումների շահագործման մեկնարկի աշխատանքների ավարտին»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ բլոկ-մոդուլային քաղաքը ներառում է բնակելի մոդուլներ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, չորանոց, ժամանցի սենյակ, շտաբ եւ գրասենյակ, մառան, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի եւ ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ։ Բլոկ-մոդուլային քաղաքն ամբողջությամբ համալրված են կենսապահովման բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ բաղադրիչներով:

 

 

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

«Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ եւ խուճապ են առաջացնում հանրության շրջանում»,-հայտնել է Քննչական կոմիտեն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը: Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց եւ հանրությանը մոլորեցնելուց»:

 




Լրահոս