ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՎՍ 19 ԱՃՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի եւ լեռնաանտառային գոտու, Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց եւ Սզնեք համայնքների,  ինչպես նաեւ հարավային թեւի՝ Ջաբրայիլի եւ Իշխանաձորի ուղղությամբ որոնողական աշխատանքների ընթացքում նախօրեին հայտնաբերվել է եւս 19 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Այդ աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- հավելել է Թադեւոսյանը։ Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1039 զոհված զինծառայողի մարմին:  Հիշեցնենք նաեւ, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով նախօրեին գտնվել են ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ։ Նրանք բուժզննման կարիք ունեն եւ առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ։

 

 

240 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք, առողջացել է 644 քաղաքացի, մահացել՝ 26-ը: Հիվանդության նոր դեպքերի փոքր թիվը պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերի քիչ թեստավորմամբ: Մեկ օրում կատարվել է 1009 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 567755-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ը` առողջացած, 2656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է:

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-ԻՑ

Ռուսաստանի Դաշնությունից մարդասիրական օգնության եւս 7 բեռնատար է ժամանել Արցախ: Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն: Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։ Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը: Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։

 




Լրահոս