ՀԻՇԵԼ ԵՆ ՆԿՈՒՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում պատերազմի մեկնարկից միայն երեք ամիս անց Երեւանի քաղաքապետարանը որոշեց քննարկել ապաստարաններ եւ թաքստոցներ հիմնելու հարցը: Երեկ Երեւանի ավագանու հերթական նիստում այդ հարցի մասին խոսեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ 12 վարչական շրջաններում պետք է ապաստարաններ եւ թաքստոցներ հիմնվեն, սակայն, նրա խոսքով, այդ աշխատանքները հեշտ է կազմակերպել Կենտրոնում, որտեղ որպես ապաստարան կծառայեն ավտոկայանատեղիներ, բազմահարկ շենքերի նկուղները: Նկատենք՝ Արցախում պատերազմի օրերին Հայաստանի կառավարությունն օդային տագնապի դեպքում խորհուրդ էր տալիս թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 8-ին էր հետաքննություն իրականացրել եւ պարզել, որ Երեւանի բոլոր վարչական շենքերի բազմաբնակարան շենքերում կա՛մ նկուղներ չկան,  որպես այդպիսին,  կա՛մ էլ եթե կան, ապա գտնվում են շատ վատ վիճակում. նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով: Բայց, չնայած սրան, քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, հորդորում էր բնակիչներին ապաստանել իրենց շենքերի թաքստոցներում, նկուղներում: Անգամ այդ օրերին որոշ շենքերի մուտքերում փակցված կարող էինք տեսնել պաստառներ, որտեղ նշված է, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Ինչպես ասում են, ուղեցույցը կա, բայց նկուղները՝ ոչ: Ընդ որում, նկուղների այս ցավոտ հարցն ակտուալ դարձավ նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս մասին խոսվեց նաեւ 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, անգամ խնդիր դրվեց մաքրել շենքերի նկուղները: Բայց այդ օրից անցել է արդեն երկու տարի, ու այդպես էլ ոչինչ չի արվել: Եվ, չնայած դրան, երեկ Երեւանի փոխքաղաքապետ Հրաչա Սարգսյանը թվեր ներկայացրեց, քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հայտարարեց, թե շատ մեծ աշխատանքներ են կատարել, որոնց մասին մի օր կբարձրաձայնեն: Այնպսիսի տպավորություն է՝ նոր նկուղների մասով արված աշխատանքը քաղաքապետը հույժ գաղտնի տվյալ է համարում՝ առայժմ թաքցնելով հանրությունից դրանց մասին տեղեկությունը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկիզբ խորհրդարանում գումարվելու է արտահերթ նիստ: Բանն այն է, որ պատգամավորները դեռեւս չեն հասցրել քննարկել բոլոր հարցերը, որոնք ընդգրկված են եղել օրակարգում, եւ արտահերթ նիստում նպատակ ունեն անդրադառնալ դրանց: Արտահերթ նիստում օրակարգում մնացած հարցերը քննարկելուց հետո էլ կհայտարարվի նստաշրջանի ավարտի մասին: Մենք տեղեկացանք, որ արտահերթ նիստում քննարկվելիք հարցերից մեկն էլ լինելու է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նաեւ կռվախնձոր է դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջեւ. հարցը ներկայացրել են Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը: Արսեն Թորոսյանը ծանր է տարել պատգամավորների նախաձեռնությունը եւ զարմացել, թե ինչու են նրանք այդպիսի նախագիծ ներկայացնում եւ հետաձգում օրենքի կիրառումն եւ վերջնական ուժի մեջ մտնելն այն դեպքում, երբ նախագիծը բազմիցս քննարկվել է: Իսկ պատգամավորներն էլ, հատկապես՝ Բաբկեն Թունյանը, բարձրաձայնել է, թե այժմ ժամանակը չէ, որ օրենքը մտնի ուժի մեջ, եւ պետք է օրակարգից առհասարակ հանել այն եւ հետաձգել օրենքի կիրառումը: Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցություններն այսօր նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավեր։ Տեսնենք՝ կստացվի արդյոք ստորագրագություն հավաքել եւ ռազմական դրության չեղարկման հարցով նիստ հրավիրել։

 

 

 

2020 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 1244.0 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. տարեկան հաստատված ցուցանիշի 77.6 %-ը, իսկ տարեկան (ճշտված) ցուցանիշի նկատմամբ փաստացի ցուցանիշը կազմել է 94.2 տոկոս։ Ընդ որում, 2020 թ. փաստացի ցուցանիշը 2019թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 5.3 %-ով կամ 70.1 մլրդ դրամով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշին գերազանցում է 12.7 %-ով կամ 139.9 մլրդ դրամով: Ավելացված արժեքի հարկի գծով մուտքերը կազմել են 421.4 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշին զիջում է 3.2 %-ով, սակայն 2018 թ. ցուցանիշին գերազանցում է 7.1 %-ով, Շահութահարկի գծով մուտքերը կազմել են 130.2 մլրդ դրամ, որը 2019 թ. համապատասխան ցուցանիշից պակաս է 16.1 %-ով, իսկ 2018 թ. ցուցանիշին զիջում է 4.4 %-ով:

 

 

 

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 355 հազար 918 ուղեւոր, իսկ ժամանել՝ 367 հազար 434-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-նոյեմբերին մեկնել է 16 հազար 328 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 16 հազար 19: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 9821 տոննա, իսկ ներմուծվել է 4664 տոննա բեռ: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ ե՛ւ «Զվարթնոց», ե՛ւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղեւորների թիվը պակասել է: Երկու օդանավակայաններով մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի նվազումը որոշ փորձագետներ պայմանավորում են կորոնավիրուսի հետ: Ի դեպ, մասնագետները հույսեր ունեն, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո կկարողանան հնարավորինս շուտ վերացնել զբոսաշրջությանը հասցված վնասները եւ ոտքի կկանգնեցնեն ոլորտը։ Իսկ որոշ տուրօպերատորներ կանխատեսում են, որ մինչեւ 2021 թվականի ապրիլի վերջ կորոնավիրուսի վտանգը կվերանա։ Եթե իրանական շուկան ակտիվանա, ապա Հայաստանը մարտ ամսից կկարողանա զբոսաշրջիկների հոսք ունենալ հարեւան երկրից։ Հայաստանյան տուրօպերատորները հույս ունեն, որ գոնե տոնական օրերին Հայաստանում զբոսաշրջիկների հոսք կգրանցվի։

 

 




Լրահոս