«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ առաջարկել են այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: Այս նույն խմբակցությունները մեկ անգամ էլ էին նման նախագիծ ներկայացրել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր այն: Ավելին, ընդդիմադիրները մեծ դժվարությամբ էին կարողացել ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որն էլ իրավասու է ԱԺ նիստերի օրակարգի հաստատման համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամն էլ բացառություն չի լինելու, եւ չնայած խորհրդի նիստը նախատեսված է այսօր, սակայն, մեր տեղեկություններով, այն կրկին կարող է մի քանի անգամ չկայանալ: Անգամ եթե ի վերջո այդ հարցով արտահերթ նիստ գումարվի, իմքայլականները կրկին հակված են դեմ քվեարկել նախագծին:
Մեր տեղեկություններով՝ նրանք ցանկություն ունեն մինչեւ այս տարվա վերջ դեռ չվերացնել հայտարարված ռազմական դրությունը եւ այդ հարցին կանդրադառնան միայն հաջորդ տարի, իսկ ընդդիմադիրներն էլ ցանկանում են հասկանալ, թե ինչու իշխանությունները չեն շտապում վերացնել այն եթե պատերազմն ավարտվել է:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։