«Համոզված եմ միայն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հայ ժողովրդի ոգու եւ հավատի վերականգնում իր ուժերի նկատմամբ հնարավոր չէ: Եվ սա Հայաստանի եւ նրա քաղաքացիների ներքին, ինքնիշխան գործն է: Մեր գործն է որոշել` արդյոք Խորհրդային Միության եւ Ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահեց, թե կորցրեց Կովկասում նոր պատերազմի արդյունքում»,- գրում է Ռուսաստանի Դաշնության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հրապարակված իր «Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար» հոդվածում:
«Ադրբեջանը Թուրքիայի հետ դաշինքով հարձակվեց չճանաչված Արցախի Հանրապետության վրա (ինչպես հայերն ասում են՝ Լեռնային Ղարաբաղի. – խմբ.), սակայն իրականում հայերն ու Հայաստանը, խախտելով հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել մեր օգնությամբ եւ իր խնդրանքով 1994թ.: Ադրբեջանի քարոզիչները եւ լոբիստները իներցիայով շարունակում են այս գրոհը որպես «հակագրոհ» որակել: «Շատերը, մասնավորապես՝ միջնորդները, որոնք զբաղվել են այս խնդրով, բազմիցս ասել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց մենք ապացուցեցինք, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի» (նախագահ Ալիեւի ելույթից Բաքվում կայացած շքերթին):
Միջնորդները մենք ենք` Ռուսաստանը: Պատերազմն արդարացնելու համար ե՛ւ Ալիեւը, ե՛ւ Էրդողանը շատ են խոսում տարիների ընթացքում խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության մասին՝ մոռանալով խոստովանել, որ համաձայնության բացակայության համար Ադրբեջանը շատ ավելի մեծ պատասխանատվություն է կրում, քան «միջնորդները»: Միայն 2011-ին Կազանում համաձայնագրի ձախողման պատմությունը, որն արդեն թղթի վրա է, վառ կերպով հաստատում է դա: Եվ միանգամայն կասկածելի է լսել Թուրքիայի նախագահի նախատինքները, ով 1974թ. կաթվածահար է անում ցանկացած բանակցություն իր կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ճակատագրի որոշման հարցով:
Դոնբասի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Օսիայի պատմության մեջ ներգրավված Ռուսաստանի համար ձգձգվող վեճերի լուծման գործում ադրբեջանաթուրքական փորձի նշանակությունը դուրս է գալիս Կովկասի տարածաշրջանի շրջանակներից: Թուրքական դրոնների բոլոր երկրպագուները դիմակայության մյուս կողմում անչափ ուրախացան: Ադրբեջանը վիշապի ատամներ ցանեց: Իսկ ո՞վ է հնձելու սածիլները: Ռուսաստանի համար սա Ղարաբաղի դասերից առաջինն էր: Երկրորդ ակնհայտ դասն այն է, որ երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը Թուրքիայի ուղեկցողն ու ազդեցության գործակալն է դարձել Կովկասում, որն ավելի հեռու է գնում` Պովոլժյե, Ղազախստան եւ Կենտրոնական Ասիա: Սա, սակայն, երեւում էր նաեւ նախկինում: Այժմ «երկու երկիր, մեկ ժողովուրդ» միությունը կնքված է արյունով եւ համատեղ գործողություններով: Եթե 13 պատերազմից հետո նախկին Թուրքիայի հետ, որն այսօր չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական, Սիրիան` սիրիական եւ Սբ. Սոֆիան` քրիստոնեական, մենք խնդիր ենք տեսնում այս երկրի աճող ախորժակների մեջ, ապա այդ մտահոգությունը պետք է տարածենք նաեւ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի վրա:
Եվ երրորդը՝ եթե քո պաշտոնական ռազմական դաշնակիցը պարտություն է կրում, կորցրել է աշխատունակությունը եւ թաղվել է քաոսի մեջ, մի՛ հարցրու, թե ում համար է զանգը ղողանջում: Պատերազմի 44 օրվա ընթացքում Գյումրիի բազայում մեր 5 հազար զինվորներն ու սպաները ամբողջ Հայաստանի հետ շրջափակման մեջ էին: Ես հիշում եմ, թե մի քանի տարի առաջ ինչպես Վլադիմիր Պուտինը, լինելով Գյումրիում, որտեղ ժամանակին ծառայել էր «Հրաժեշտ սլավյանկային»-ի հեղինակը, ասաց. «Ագապկինն այս քայլերգը գրել է այլ առիթով: Մենք չենք պատրաստվում Կովկասից ոչ մի տեղ գնալ»:
Նշանակում է՝ մեր պաատմական դաշնակից Հայաստանին եւ հայ ժողովրդին դժվարին պահին աջակցությունը ոչ մի այլընտրանք չունի: Փաշինյանները գալիս եւ գնում են, իսկ հայ ժողովուրդը մնում է: Մեր հարաբերությունները նույնպես արյամբ են շաղախված՝ շատ ավելի վաղ Հայրենական մեծ պատերազմին մասնակցությամբ:
Ղարաբաղում խաղաղապահ գործողությունը գլխավորն է, որը Ռուսաստանը կարող է իր ծառայությունը համարել տեղի ունեցածի հետեւանքով մեր պատվի գործը: Երբ պատերազմի օրերին ես եւ մյուսները դրա անհրաժեշտությունը պնդում էինք, մի՞թե Ռուսաստանում չէինք լսում պատերազմող Ադրբեջանի բարեկամներին, որոնք ամեն կերպ զարգացնում էին թեզը, թե «դա մեր գործը չէ», «թույլ չենք տա օտարի շահերի համար հեղել ռուս զինվորի արյունը» եւ այլն: Զարմանք ես ապրում, թե ինչպես հընթացս փոխվելով՝ պարոնայք հասունացան՝ հիմա Ռուսաստանի նախագահի որոշման մեջ տեսնելով բարձրագույն պետական իմաստնություն»:
ՄԻԵԴ-Ը ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԴԻՄՈՒՄԸ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Դեկտեմբերի 18-ին՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը եւ անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից: ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչեւ դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն եւ բժշկական փաստաթղթեր տրամադրել, ինչպես նաեւ տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
«Տեղեկացնեմ, որ քիչ առաջ ԱՀ Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմումս: Նշեմ, որ շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ մեկշաբաթյա ժամկետում չեմ ներկայացրել երկրորդ դիմումս, եւ Ազգային ժողովի նախագահը հանդես չի եկել հայտարարությամբ,- հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: «Հրաժարականս պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով, որին համաձայնել եմ՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Չկա որեւէ դրվագ, որում ես դավաճանած կլինեմ իմ արժեքներին, սկզբունքներին ու առաքելությանը, սակայն նաեւ ընդունում եմ թույլտրված սխալներս ու բացթողումներս: Ես միշտ եղել եմ բաց ու անկեղծ քաղաքացիների հետ, ուղղախոս ու պահանջկոտ՝ պաշտոնյաների հետ, եւ առաջնորդվել եմ ոչ միայն աջակցելու, այլ նաեւ չվնասելու սկզբունքներով: Թողնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, բայց ոչ երբեք մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը. ես իմ էությունից ու արժեքներից երբեք չեմ հրաժարվելու»:
ԱՅՐԵԼՈՎ ՓՈՐՁԵԼ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԴԻԱԿԸ
2020թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շենքի ներսում այրված դիակ կա: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի 44-ամյա բնակիչը, 2020թ. դեկտեմբերի 16-17-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում վարձակալած իր տանը ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իրեն հյուրընկալված տղամարդու գլխի եւ դեմքի շրջաններին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ 44-ամյա տղամարդը դիակը տեղափոխել է իր տան հարեւանությամբ գտնվող վերոնշյալ կաթսայատուն, որտեղ էլ այրման եղանակով փորձել է վերացնել դիակը եւ հետքերը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ՉԼՐԱՑԱԾՆԵՐԻՆ
Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է միայն զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների եւ 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի բոլոր, 18 տարին չլրացած եւ 55 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները: Այս մասին իրազեկում են Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ հղում կատարելով ԱՀ նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթներին: «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ծանրաբեռնված աշխատանքը եւ Հայաստանի Հանրապետության անձնագրային եւ վիզաների վարչությունից ստացված հարցումների կտրուկ աճը՝ այսուհետ ՀՀ տարածքում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության 55 տարին լրացած արական սեռի եւ իգական սեռի բոլոր քաղաքացիների անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան անչափահաս երեխաների բնակչության պետական ռեգիստրում ծնողի հասցեով հաշվառելու գործողությունները ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության կողմից կատարվում են առանց ԱՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից դիրքորոշում հարցնելու»,- նշված է վարչության հաղորդագրության մեջ: