Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մարդու իրավունքների համակարգի նկատմամբ իշխանության եւ ընդդիմության հարգանքի պարտավորությանը:
«Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որեւէ այլ տեսակի հայացքներից:
Հենց այս սկզբունքների տեսանկյունից ստեղծված իրավիճակում կարեւորագույն դեր ունեն ինչպես հանրային իշխանության մարմինները, այնպես էլ նրանց ընդդիմախոսները, որոնք հանրային դաշտում ապահովում են հասարակական-քաղաքական քննարկումների բովանդակությունը, հանրային դիսկուրսը:
Յուրաքանչյուրիս ներուժը պետք է ծառայեցվի մեր գերակայություններին՝ հետպատերազմական վիճակում սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման ապահովում, ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց կատարած պատերազմական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հիմքերի ապահովում եւ այլն: Ցավոք, մեր երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային հասարակական-քաղաքական հարթակ բերված «նոր ու նախկին», «սեւ ու սպիտակ» պիտակավորմամբ դիսկուրսը, որն, ըստ էության, հասարակությունը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:
Դրանից բացի, անթույլատրելի է իշխանության մարմինների, պաշտոնյաների կողմից այնպիսի բառապաշարի (հաճախ անհասցե) գործածումը, որոնք ստացան հանրային լայն կիրառություն ու ավելի նպաստեցին երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը (օրինակ՝ «պիցցայակեր», «ծախված» եւ այլն):
Իշխանության մարմիններին ու պաշտոնյաներին նշում եմ առաջնահերթ, քանի որ նրանք են ի վերջո պատասխանատու լայն իմաստով հանրային երկխոսության ու քննարկումների բովանդակության, երկրի գերակայությունների համար, ինչպես նաեւ անհանդուժողականության հաղթահարման համար: Խիստ մտահոգիչ է, որ քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, ավելի են նպաստում անհանդուրժողականության խորացմանն ու դրանով ավելացնում լարվածությունը:
Դատապարտելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը: Օրինակ՝ անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են «ժեխ», «զոմբիներ» եւ այլն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեւական ու թիրախային դիտարկումները վկայում են, որ այս անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն, որ գործում են թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակների աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջերի եւ կեղծ օգտահաշիվների կազմակերպված ու նպատակային հարձակումների համար օգտագործվող խմբեր:
Այդ էջերն ու օգտահաշիվները գործում են խմբերով եւ կոնկրետ հանձնարարականներով՝ մարդկանց հայհոյելով, արժանապատվությունը վիրավորելով, սպառնալիքներով ու բռնության կոչերով:
Առհասարակ, բացարձակ անընդունելի է հայհոյանքների, սպառնալիքների «մշակույթը» հանրային դիսկուրսի մաս դարձնելը: Խիստ դատապարտելի է, որ իշխանության դեպքում սոցիալական ցանցերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների հիմնավոր ենթադրութամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Արդյունքում ստացվել է այնպես, որ սոցիալական մեդիայի հայկական ողջ տիրույթը հեղեղվել է հայհոյախառն վիրավորանքներով, միմյանց ուղղված սպառնալիքներով ու ատելության խոսքով` հիմնովին ոտնահարելով մարդու իրավունքների համակարգի պահանջները:
Ցավոք, այս արատավոր երեւույթները վերջին մի քանի տարիների ընթացքում ստացան ծավալների շեշտակի աճ, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ:
Հույս ունեի, որ այս պատասխանատու օրերին կբացառվեր նման որեւէ զարգացում, ու կլինեինք համախմբված՝ հաշվի առնելով բոլորիս միասնական լինելու, միմյանց իրավունքների նկատմամբ հարգանքի, բոլոր խնդիրները հենց այդ սկզբունքով լուծելու հրամայականը:
Բայց դա ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ ներկայում գործ ունենք այնպիսի վիճակի հետ, որը կոպտորեն ոտնահարում է մարդկանց իրավունքները (հոգեկան անձեռնմխելիությունը, մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքը եւ այլն), վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին խաթարում է մեր երկրի անվտանգությունը:
Հասարակական-քաղաքական համակարգը պետք է մշտապես հիմքում ունենա մարդու իրավունքները՝ որպես ունիվերսալ բարձր արժեքներ, եւ ղեկավարվի այդ իրավունքների, այդ թվում՝ այլոց կարծիքի նկատմամբ հարգանքի սկզբունքով:
Ուստի մենք պետք է գործենք մարդու իրավունքների համակարգի նկատմամբ հարգանքով, ճիշտ որոշենք այս օրերի մեր գերակայություններն ու լինենք համախմբված` հանուն այդ գերակայությունների եւ հանուն մեզնից յուրաքանչյուրի իրավունքների՝ ապավինելով ինքներս մեր հզոր ներուժին»:
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԵԿՈՒՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ
Կոնգրեսը ԱՄՆ վարչակազմին կոչ է անում մանրամասն զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ Ադրբեջանին եւ Հայաստանին ռազմական օգնության ազդեցության եւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար դրա հետեւանքների մանրակրկիտ վերլուծությամբ. հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք ողջունում ենք պահանջը, որ ազգային հետախուզության տնօրենը Արցախի հարցի վերաբերյալ պաշտոնապես հաշվետու լինի Կոնգրեսի առաջ՝ ԱՄՆ հետախուզական միության բոլոր ռեսուրսներն օգտագործելով՝ հայտնաբերելու համար Արցախի դեմ եւ հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը նախաձեռնողին»,-ասել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը: «Մենք վստահ ենք, որ այդ զեկույցն ու փաստերը, որոնք նա կհաստատի Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի վերաբերյալ, ամուր հիմք կլինեն, որով Բայդենի եկող վարչակազմը կարող է պաշտոնապես դադարեցնել Թրամփի վարչակազմի ոչ ողջամիտ ծրագիրը 120 մլն դոլարի ռազմական օգնության ցուցաբերման մասին նավթով հարուստ եւ կոռումպացված երկիր Ադրբեջանին եւ Ալիեւների դաժան ընտանիքին»: Արցախի վերաբերյալ Կոնգրեսի հայտը ներառված է 2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է նախօրեին՝ ավելի վաղ COVID-19-ի խթանման միջոցառումների փաթեթին զուգահեռ:
2021 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության օրինագիծը ներառում է նաեւ Թուրքիային ԱՄՆ ռազմական օգնության երկու հիմնական սահմանափակում՝ F-35 օդանավերի փոխանցման համար միջոցների արգելափակում եւ Թուրքիայի նախագահի Պաշտպանության վարչությանը (TPPD) օգնության դադարեցում՝ ի պատասխան 2017 թվականին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԿԵՍ ՉԱՓՈՎ
«ժողովուրդ» օրաթերթի թղթակցին են դիմել Իջեւանի զորամասի պայմանագրային զինծառայողներ, որոնք բողոքում են, որ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների իրենց աշխատավարձը կես չափով են ստացել, ամսական 250 հազար դրամի փոխարեն՝ 120 հազար դրամ։ Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հաշվարկվում է բազային դրույքաչափին առաջնագծում անցկացրած օրերի հաշվով գումարի հավելումով։ Պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ պատերազմի ժամանակ իրենց որոշակի ժամկետով Արցախի առաջնագիծ են ուղարկել, իսկ Արցախի առաջնագծում ծառայության օրերի համար աշխատավարձի գումարը հաշվարկվում է Հայաստանի առաջնագծում ծառայելու օրվա դրույքաչափի մեկուկես չափով։ Իջեւանի զորամասի զինծառայողները հայտնեցին, որ իրենց զորամասում կան զինծառայողներ, որոնց Արցախի առաջնագիծ չեն ուղարկել, նրանք ծառայել են Տավուշի մարզում, նրանք աշխատավարձը ստացել են սահմանվածի չափով։ Իջեւանի զորամասի պայմանագրային զինծառայողները չգիտեն, թե ինչն է պատճառը, որ իրենց աշխատավարձը կիսով չափով է տրվել։ Նրանք այդ հարցով դիմել են իրենց հրամանատարներին, սակայն պատասխան չեն ստացել։
ԱՌԱՆՑ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Սահմանամերձ Բերդ համայնքի մաս կազմող Բերդ քաղաքում եւ տարածաշրջանի գյուղերում Ամանորը դիմավորելու են առանց տարեմուտի հրավառությունների, տոնական ուրախ միջոցառումների, բնակավայրերում տոնածառ տեղադրելու։ Բնակավայրերում, հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա տեղակայված սեւ ժապավեններին գրված են տվյալ բնակավայրից զոհվածների անունները եւ նրանց տարիքը։ Սահմանամերձ Բերդ համայնքում շատ է անհետ կորած զինծառայողների թիվը։ Տոնական միջոցառումներ չանցկացնելով՝ Բերդի համայնքապետարանը Ամանորի առթիվ նվերներով տոպրակներ կառաքի համայնքի փոքրիկներին։
ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑ
Նոյեմբերյանի համայնքապետարանի 7-հոգանոց խումբը վերջերս մեկնել էր Արցախ, մասնակցել պատերազմից տուժած Մարտունի քաղաքի էլեկտրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներին։ Դեկտեմբերի 19-ին ոչ պաշտոնական այցով Նոյեմբերյան է այցելել Արցախի Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։ Նա Նոյեմբերյանի տարածաշրջանին եւ նրա պատմությանը ծանոթանալուց հետո իր երախտիքի խոսքն է հղել Նոյեմբերյանից Մարտունի մեկնած մասնագետների խմբին դժվարին օրերին իրենց կողքին լինելու համար։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը եւ Էդիկ Ավանեսյանը Նոյեմբերյան քաղաքի՝ Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ տեղակայված, Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհվածների հիշատակին, այցելել 1991թ. մայիսի 6-ին զոհված նոյեմբերյանցի միլիցիոներների հուշահամալիր։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ