«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Այս մասին երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա միեւնույն ժամանակ նշեց, թե հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ: Ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է, որ հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր խմբակցությունից պետք է առաջարկվի 4-ական ներկայացուցիչ, իսկ ԱԺ չանցած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը՝ մեկական ներկայացուցիչ: Նկատենք՝ 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել էր 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով: Եվ, ըստ էության, հանձնաժողովի անդամների կազմը նույնն էր, ինչ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինը: Հանձնաժողովը գլխավորում էր իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Սեպտեմբերի վերջին պետք է հրապարակվեր քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն նոր պատերազմն, ըստ էության, շեղեց ծրագրերը, եւ մինչեւ այժմ էլ այն հրապարակված չէ: Ավելին, հանձնաժողովի անդամներից հրապարակային ելույթներ է ունենում միայն Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը հրաժարվել է մանդատից, մյուսներն էլ խուսափում են խոսել եւ ասել՝ ի վերջո այն կհրապարակվի, թե արդեն անիմաստ է: Երեկ՝ ամբողջ օրվա ընթացքում եւս հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ մոտ մեկ տարվա գործունեության ընթացքում ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվեցին եւ ներակայացան 2016 թվականին կարեւոր պաշտոնատար անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ այլ գլխավոր գործող անձինք: Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, որ հրաժարվել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին: Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ Ապրիլյան պատերազմի ընթացքի, բանակի սպառազինության եւ ապահովվածության մասին մշտապես տարբեր խոսակցություններ են եղել: Սակայն Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի նիստերի ընթացքում այդ միֆերը, ըստ էության, հերքվել են:
Ազգային ժողովի ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ առաջարկել են այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: Այս նույն խմբակցությունները մեկ անգամ էլ էին նման նախագիծ ներկայացրել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր այն: Ավելին, ընդդիմադիրները մեծ դժվարությամբ էին կարողացել ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որն էլ իրավասու է ԱԺ նիստերի օրակարգի հաստատման համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամն էլ բացառություն չի լինելու, եւ չնայած խորհրդի նիստը նախատեսված է այսօր, սակայն, մեր տեղեկություններով, այն կրկին կարող է մի քանի անգամ չկայանալ: Անգամ եթե ի վերջո այդ հարցով արտահերթ նիստ գումարվի, իմքայլականները կրկին հակված են դեմ քվեարկել նախագծին: Մեր տեղեկություններով՝ նրանք ցանկություն ունեն մինչեւ այս տարվա վերջ դեռ չվերացնել հայտարարված ռազմական դրությունը եւ այդ հարցին կանդրադառնան միայն հաջորդ տարի, իսկ ընդդիմադիրներն էլ ցանկանում են հասկանալ, թե ինչու իշխանությունները չեն շտապում վերացնել այն եթե պատերազմն ավարտվել է:
Արցախյան պատերազմի ընթացքում հրապարակվեց այն մասին, որ մի շարք անձինք պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են տեղափոխել Հայաստան: Եվ, ահա, Հայաստան զենք զինամթերք տեղափոխելու դեպքերից մեզ կոնկրետ մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են կալամավորված եւ ինչ զենք ու զինամթերք են տեղափոխել Հայաստան: Մասնավորապես, Զոհրաբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Հարութ Միրումյանի եւ Մեսրոպ Գասպարյանի հետ, 2020թ. հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետությունից գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք են բերել հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի 2 ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի 77 փամփուշտ եւ պայթուցիկ սարք հանդիսացող Ֆ-1 տեսակի 1 նռնակ, որոնք ապօրինի պահելով Հարութ Միրումյանի վարած “ՈՒԱԶ” մակնիշի 35 VV 541 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում՝ Արցախի Հանրապետության Աղավնո անցակետով դեպի Տեղ եւ Գորիս երթեւեկելու փոխարեն զենքերն ու ռազմամթերքը ապօրինի փոխադրել են այլ` Խոզնավար-Վերիշեն-Գորիս ավտոճանապարհով։ 2020թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Վերիշեն բնակավայրում տեղակայված ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության անշարժ հենակետում հիշյալ ավտոմեքենան կայանելուց հետո կատարված զննությամբ ինքնաձիգները հայտնաբերվել են ավտոմեքենայի բեռնախցիկից, 60 փամփուշտները՝ հետեւի ուղեւորի դռան գրպանից, իսկ նռնակն ու 17 փամփուշտները Մեսրոպ Գասպարյանը ներկայացրել է իր հագին եղած բաճկոնի գրպանից: Վերոնշյալ 3 անձինք կալնավորված են: Նշենք, որ սա պատերազմի ընթացքում հարուցված քրեական գործերից մեկն է, որով նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտ եւ գործը ուղարկել դատարան:
Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով: Այս տարվա 10 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 3.9 տոկոսով, բայց ներհանրապետականի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալներն աճել են 14 տոկոսով: Աճ արձանագրվել է նաեւ ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում 3.7 տոկոսով: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է 3.7, իսկ ներմուծումը աճել է 1.7 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել` արտահանման դեպքում` 14.5 տոկոս, իսկ ներմուծումը` 27.3 տոկոս: Հատուկ ուշադրության են արժանի «Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 1.7 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, եւ այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է: