Դեռեւս դեկտեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երկար ժամանակ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զինկոմիսարիանտներ ներկայանալու համար: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների` իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն պատերազմն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զորահավաք իրականացվում:
Մեր հարցմանը դեկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը պատասխանել էր. «Դեկտեմբերի 22-ից մինչեւ 24-ը ՀՀ-ում նախատեսված էր զորահավաքային զորակոչ, սակայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանով նշված միջոցառումը համարվել է չեղյալ եւ իմ կողմից դեկտեմբերի 19-ին ցուցում է տրվել բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պահեստազորում հաշվառված քաղաքացիներին չծանուցել եւ չիրականացնել զորահավաքային զորակոչ»:
Սակայն այս հրապարակումից հետո, մենք կրկին հեռախոսազանգեր ենք ստանում, որ ՊՆ-ից դեռեւս ծանուցագրեր են ստանում, և փորձեցինք հասկանալ, թե որն է պատճառը: Եվ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունից նույն հարցի հետ կապված մեկ այլ պատասխան ենք ստացել: Այս անգամ մեզ պատասխանել է ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, որը կարելի է ասել հերքում է նախորդ պատասխանը: «ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության եւ զորահավաքի պայմաններում մասնակի շարունակվում է զորահավաքային զորակոչը, որի շրջանակներում ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի 1586-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի պահանջների համաձայն զորահավաքային զորակոչի ծանուցագրեր են ներկայացվում ՀՀ զինված ուժերում պատերազմական ժամանակի զինվորական հաստիքների կցագրված պահեստազորայիններին: Ինչպես արդեն նշվել է 1-ին հարցման պատասխանում գործընթացն իրականացվում է մասնակի զորահավաքի շրջանակներում»,-նշված է ի պատասխան մեր հարցմանը:
Փաստորեն ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում երկու որոշում է կայացվել՝ չեղարկել զորահավաքը, իսկ մյուսում պահպանել մասնակի զորահավաքը: Պաշտպանության նախարարությունում նման անտեղյակ, հակասական տեղեկետակվությունը որակել խայտառակություն շատ մեղմ է, քանի որ պատերազմի նման ավատից հետո, երբ պետք էր ուշքի գալ, աշխատել միասնական՝ նման խայտառակ իրավիճակներից խուսափելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ