ArmLur.am-ը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանից պարզել, թե ինչպես է վերաբերվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այն նախաձեռնությանը, որով նպատակ կա իրենց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
-Պարոն Գրիգորյան, երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մի նախագիծ է ներկայացրել, ըստ որի իմքայլականները ցանկանում են ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զրկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ինչու՞ են իշխանությունները նման քայլի գնում այս պահին:
-Ակնհայտ է մի բան, որ այս քայլը քաղաքական հետապնդում է, կարծում եմ՝ սա բոլորի համար պարզ է: Նաիրա Զոհրաբյանն այս ժամանակահատվածում ամենախիստ ու կոշտ ձևով քննադատել է իշխանություններին, իրենք էլ արդեն քաղաքական հետապնդում են իրականացնում նրա նկատմամբ: Բայց պետք չէ իշխանությունները մոռանան, որ այդ նույն Նաիրա Զոհրաբյանն էր, ով ԵԽԽՎ ամբիոնից ամենասուր ու ամենահզոր ելույթներն էր ունենում Ադրբեջանի ու նրա ղեկավարի դեմ: Ու այդքանից հետո գնալ նման քայլի՝ ստորություն է: Այսօր ընդդիմությունը կարող է շատ կոշտ բառապաշարով խոսել իշխանությունների վարած քաղաքականության մասին, քանի որ մենք նրանց պատճառով երկիր ենք կորցրել, ու դրա համար փորձել նման ձևով ընդդիմությանը լռեցնել՝ առնվազն ծիծաղելի է: Ուշքի է պետք գալ. սա լավ բանի չի տանում. ամեն օր ընդդիմությունը քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Զրուցեց Ս.Գ.