Նախկին բարձրաստիճան ոստիկանը ընդդեմ ոստիկանապետի. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանության հաշվառման–քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սեփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ դատարանից պահանջում է 21.10.2020թ. թիվ 3041-Ա հրամանն անվավեր ճանաչի
և, որպես հետևանք, իրեն նախկին աշխատանքում /պաշտոնում/ վերականգնի , ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք աշխատավարձը տրամադրի:Ինչով կավարտվի Ոստիկանապետի եւ նախկին բաժնի պետի դատական քաշքշուկը ցույց կտա դատարանը:

Նշենք, որ 2019 թվականին մամուլը անդրադարձել էր Սեփյանի հայտարարագրին:Մասնավորապես «Ճանապարհային ոստիկանության հաշվառման–քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Սպարտակ Սեփյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին էր ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել էր տվյալներ՝ տարեկան կտրվածքով ունեցած եկամտի ու դրամական միջոցների վերաբերյալ:

2018թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ եւ 5500 ԱՄՆ դոլար: 2018թ. վերջում 4 500 000 ՀՀ դրամ միջոցը դարձել է 6 300 000 ՀՀ դրամ: 5500 ԱՄՆ դոլարը հարկային տարվա վերջում նույնն է մնացել:

Նախորդ տարվա ընթացքում հայտարարատու անձի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 5 511 447 ՀՀ դրամ: Նշենք, որ Սպարտակ Սեփյանը պաշտոնը ստանձնել է 2018թ. հուլիսին: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա այդ ժամանակ ունեցել է նաեւ բնակարան եւ ավտոտնակ: Իսկ արդեն տարեկան հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Սպարտակ Սեփյանը շարժական գույք եւս չի հայտարարագրել»:




Լրահոս