Ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Բաղրամյան26-ի Telegram-յան էջից, որը հղում է կատարում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին։
«Հակառակորդը սպառնացել է, որ եթե մինչեւ վաղն առավոտյան ազատած չլինեն տարածքները, ապա զորքով հարձակվելու են գյուղացիների վրա։ Գյուղացիներին եւ գյուղապետին ասել են, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին»,- պատմեց Մենուա Հովսեփյանը։
Նա ասաց, որ այս պահին գյուղացիները փակել են գյուղով անցնող մայրուղին. «Այդ մայրուղին նույնպես անցնում է Ադրբեջանին։ Գյուղացիներն ուզում են հասկանալ՝ 10 օր ժամանակ տալու մասին ում են ասել, ով է տեղյակ եղել։ Ցավոտ փոխզիջումներ են»։
Նա ասաց, որ խոսքը գնում է մոտ 12 տան եւ դրանց հողամասի մասին, որը մեծ տարածք է։