ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն տարեվերջին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոս հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել՝ զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Երրորդ նախագահը այցելել է նաև Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին՝ սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը:
Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված իր մարտական ընկերների և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
Սերժ Սարգսյանը Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մոմ է վառել և աղոթել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների հոգիների հանգստության, Հայաստանի և Արցախի խաղաղության, հայրենիքի վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի հավատի և կամքի անսասանության համար: