Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Թադևոսյանը նշել է, որ քաղաքացիական անձը տարեց տղամարդ է և դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում՝ պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է:
«Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»։
Զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում և Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։
Թադևոսյանը հայտնել է, որ այսօր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. ուղղություններն են՝ Հադրութ, Մեղակավան (Ջաբրայիլ) և Կարմրակուճ։