Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններից հետո կառավարությունն ընդունել է աջակցության մի քանի ծրագիր: Նախ հաստատվել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած այս միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։
Կառավարությունը հաստատել է «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Մասնավորապես, նախատեսվում է Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին վճարել 250 000–ական դրամ, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։ Անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է միջոցառման շահառու։
Հաստատվել է նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Որոշման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին: Սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում:
Մանրամասները՝ տեսանյութում։