Արա Այվազյանն և Արթուր Թովմասյանը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախահայության առջև ծառացած խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների ներկայությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախահայության առաջ ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Զրուցակիցները որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք նշել են Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։

ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը և Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես կարևորագույն հարթակ` հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ ընթացք հաղորդելու համար: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ կարևորել են անմիջական շփումների խրախուսումը և ավանդական ինտենսիվ փոխայցելությունների շարունակականությունը:




Լրահոս