ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան են կազմում առաջին անհրաժեշտության ապրանքների գները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 61 հազար 14 դրամ` ամսական կտրվածքով:

Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 471 դրամ` ամսական կտրվածքով: Նշենք, որ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով, կազմել է 36 հազար 871 դրամ:

Այսինքն` սպառողական զամբյուղը, թե ամսական, թե տարվա կտրվածքով, էժանացել է: Նշենք, որ պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները հաշվարկել եւ հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված՝ սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի: Իսկ պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` օրական 2412.1 կկալ: Բայց անցյալ տարի Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան՝ 1 շնչի հաշվով, կազմել է 2232 կկալ:
Մասնագետները համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են:

Ըստ որոշ հետազոտությունների` թերսնումը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների, այդ թվում` գիրության, ինչն էլ իր հերթին տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Թերսնում է համարվում նաեւ այն,որ մարդիկ հիմնականում սնվում են հացով եւ կարտոֆիլով: Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր օր մարդ պետք է ստանա առնվազն 355 գրամ հացամթերք, 250 գրամ հաց, 100 գրամ միս, 0.5 հատ ձու, 300 գրամ բանջարեղեն (կաղամբ, գլուխ սոխ), 200 գրամ միրգ (խնձոր), սուրճ կամ հյութ եւ այլ սննդամթերք:

ArmLur.am-ը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները:

Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 34 հազար 471 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք:

Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը,18 գրամ ձու եւ այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում շուրջ 280-300 դրամ է կազմում: Ձկնամթերքի՝«Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 180-200 դրամ է կազմում: Երկու հատ ձուն 60-70 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 130-140 դրամի սահմաններում:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 727 դրամ, նվազագույն աշխատավարձը մեր երկրում կազմում է 68 հազար դրամ: Բայց այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել,էլ չենք խոսում կոմունալ վճարների, հագուստի, կոշիկի եւ, ամենակարեւորը, դեղորայքի մասին: Համենայնդեպս, ձմռան այս ամիսներին մարդկանց մեծ մասի ամսական կոմունալ վարձերը գերազանցում են 40 հազար դրամը: Բայց,միեւնույնն է, սա բավարար չէ մարդուն պատշաճ սնվելու, ապրելու համար:

Մյուս կողմից` նկատենք, որ մեր երկրում ընտանիքների մեծ մասում մեկ անձը ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, իսկ եթե այդ ընտանիքը բաղկացած է 4 կամ 5 հոգուց, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի նվազագույն զամբյուղի գումարից քիչ գումար այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի համար նախատեսված գումարը:

Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաեւ այցելություններ ռեստորաններ եւ գեղեցկության սրահներ: Իսկ Մեծ Բրիտանիայում սպառողական զամբյուղում ներառված են տան վերանորոգման կամ այգեգործության համար պիտանի իրեր:

Եվրոպացիները սպառողական զամբյուղում ընդգրկել են նաեւ թատրոնի եւ կինոյիտոմսեր, գրքեր, ինչպես նաեւ լողավազանների եւ ֆիթնես ակումբների այցեքարտեր:

Դե արի ու մի ամբողջ ամիս Հայաստանում ապրի 34 հազար դրամով: Իսկ Հայաստանում կյանքը թանկ է:

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս