Նախարարությունը կզբաղվի մանկական զարգացման կենտրոններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սնկի պես աճած մանկական զարգացման կենտրոնները հայտնվել են ՀՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության տեսադաշտում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը ստանում է ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ․ գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ եւ այլն։ Իսկ նախարարությունը չունի որեւէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար:

Պարզվում է՝ մեր հանրապետությունում գործող զարգացման կենտրոնները, որոնք մոտավոր հաշվարկով 300-ն են, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր եւ նախադպրոցական ծառայություններ: Ստացվում է, որ զարգացման կենտրոնները գործում են վերահսկողությունից դուրս` զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ։

Նախարարությունում վստահ են՝ կենտրոնները չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները՝ հիգիենիկ եւ սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն եւ այլն:

Այս խնդիրը լուծելու նպատակով նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքներում։ Այսինքն այս փոփոխություններով ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ, իսկ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր։

Միաժամանակ կապահովվի պետական տուրքերի գանձումը պետական բյուջե շուրջ 6 մլն դրամ գումարի չափով: Նշենք, որ նախադպրոցական կրթական ծրագրի եւ նախադպրոցական ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա պետական տուրքի չափը նախատեսվում է 20 հազար դրամ գումարի չափով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս