Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ՝ ԱՀ պետական լիազոր մարմինների ղեկավարների ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ:
Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68,000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ: Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների եւ բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից:
Երկրի ղեկավարի կողմից բարձրացված հիմնական խնդիրը, սակայն, բնակարանային ապահովման հարցն էր: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, եւ այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջիկա օրերին վերջնականացնել ցանկերը եւ ներկայացնել պետական լիազոր մարմիններ: Նախագահն ընդգծել է, որ բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով, իսկ դրանցում տեղավորված ընտանիքներին կտրվեն տնտեսական գործունեության համար միջոցներ:
Պետական, բարեգործական եւ աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաեւ կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք կունենան կենսական նշանակության բոլոր պայմանները:
Նախագահն ընդգծել է, որ շնորհիվ կառավարության գործուն ջանքերի՝ կարճ ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել Հանրապետության ենթակառուցվածքների գերակշիռ մասը, որոնց մեծ մասն ամբողջությամբ ավերվել էր թշնամու հրթիռահրետակոծության հետեւանքով:
Նախատեսվում է նաեւ միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման, ոռոգովի հողատարածքների քանակի ավելացման եւ գյուղատնտեսական աշխատանքների խրախուսման մեծածավալ ծրագրերի իրականացում: