Դուրս բերելով կրոնական գործոնը ղարաբաղյան հակամարտությունից` մենք, իհարկե, էապես իջեցրեցրել ենք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետևանքներով: Այս մասին Россия հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ փոխանցում է Artsakh Press-ը:
«Ես հույս ունեմ, որ խաղաղություն կլինի, և ես հիմնվում եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի և Ադրբեջանի եկեղեցական և հոգևոր իշխանությունների դիրքորոշումների վրա: Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը` Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ Փաշազադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել և պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգևոր առաջնորդները, որոնց թիկունքին կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, և այս զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, լարվածություն: Չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, և այդ փաստարկներն ազնվորեն էին արտահայտվում, դրանք չեն ուղեկցվել ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են, և երբ երկխոսությունը գրեթե բանավոր պատերազմի է վերածվում: Նման բան երբեք չի եղել, և դա տեղի էր ունենում այն պատճառով, որ հենց հոգևոր առաջնորդներն են լիովին պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգևոր վիճակի համար:
Իսկ ի՞նչ է հոգևոր վիճակը: Ո՞ր ուժը կգերակշռի` խաղաղության, սիրո, հանգստության կամ չարիքի՞ ուժը, թե՞ չարության ուժը, դրանից էլ կախված կլինի մարդկանց պահվածքը:
Ուստի հոգևոր առաջնորդների դերը կարևոր է. մենք այն չենք չափազանցում, բայց և չենք էլ թերագնահատում: Ի վերջո, այս բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել շատ հստակ արդյունքներ` գերիների փոխանակում, կրոնական խորհրդանշանների, կրոնական արտահայտությունների, կրոնական մոտիվացման չկիրառում պատերազմող կողմերին ոգեշնչելու համար: Հանելով կրոնական գործոնն այս առճակատումից` մենք, իհարկե, էապես իջեցրինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետևանքներով: Ուստի, առանց չափազանցելու հոգևոր առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն:
Ռուսական եկեղեցին պատրաստ է նաև մասնակցելու այս գործընթացին` շատ բարդ խնդրի լուծման գործում իր խաղաղապահ ներդրումն ունենալու համար, որը, ցավոք, այս պահին կարող էր կասեցվել միայն ռուս խաղաղապահների առկայությամբ: Աստված տա, որ կրոնների խաղաղարար ներուժը փոխարինի պատերազմող կողմերը բաժանած զենքով մարդկանց ներկայությանը»: