ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմաններով է երկարաձգվում կարանտինը. նախարարը դժգոհ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարանտինը երկարաձգելու նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը կազմակերպություններում: Այս մասին հայտարարում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյաննւ՝ արձագանքելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին։ Վերջինս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե դեմ է կարանտինի երկարաձգմանը՝ նշելով, որ առողջապահության նախարարությունն իրենց հետ նախագիծը չի քննարկել, իսկ տնտեսությանն, ըստ նախարարի, հիմա ամենաշատն է անհրաժեշտ թթվածին, և պետք է ամեն ինչ անել, որ տնտեսությունը հնարավորինս բաց աշխատի։

Իսկ ահա  Նիկողոսյանը հակադարձել է եւ նշել, որ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցաումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման, փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ։ Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, ըստ Նիկողոսյանի, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ:

Նիկողոսյանը հիշեցրել է՝ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

Նիկողոսյանն ընդգծել է՝ ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա։

Հավելենք, որ 4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Կառավարությունը հավանաբար այն կհաստատի գործադիրի առաջիկա նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս