Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Անցած մեկ օրում ռուսաստանցի սակրավորները մաքրել են 6.5 հա տարածք, հայտնաբերել և հանել 787 պայթուցիկ իրեր: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 446,4 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարանային շինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 22 542 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ առարկաներից տարածքների ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուսաստանյան խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման աշխատանքների բարձր տեմպը լեռնային տեղանքի եւ եղանակային վատ պայմաններում: