2021 թվականի հունվարի 10-ից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ սպասարկում իրականացնող տաքսի ծառայություները նախկին 3000 դրամի փոխարեն մեկ անձի փոխադրման վարձը դարձրել են 3500 դրամ։ Տաքսի ծառայությունների սեփականատերերն ասում են, որ ուղեվարձը ստիպված են թանկացրել, քանզի թանկացել է է ավտոմեքենաների վառելիք գազը, նախկինում Նոյեմբերան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ աշխատող տաքսի ավտոմեքենան ուղերթի ընթացքում ծախսում էր 6 հազար դրամի գազ, այժմ՝ 11 հազար դրամի։ Բացի այդ, տաքսի ավտոմեքենաները հաճախ 4 ուղեւորի փոխարեն ունենում են ավելի պակաս ուղեւորներ։ 2014թ. հոկտեմբերից սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտ չի գործում:
Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարած Երեւան-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթների մրցույթները չեն կայանում, քանզի դրանց մասնակցող ընկերություններ չեն լինում: Նոյեմբերյան –Երեւան եւ Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին նախկինում առանց ուղեւորների էր մնացել տաքսիների հետ անհավասար մրցակցության պատճառով: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյան- Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձին նախկինում փոխադրում էին 3 հազար դրամով, դրանից առաջ միկրոավտոբուսի ուղեվարձը 2000 դրամ էր: Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Սակայն դա նաեւ խնդիր է ստեղծում:
Տաքսիստները տարբեր վայրերից ուղեւորներ են հավաքում, մեքենայի 4 ուղեւորներին հասցնում Երեւանի տարբեր տեղեր, ինչի պատճառով ուղեւորները հաճախ ուշանում են, չեն հասցնել մայրաքաղաքում ունեցած գործերն անել: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող է տաքսիների մրցակցությանը դիմանալ, եթե Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող բոլոր տաքսիստները գործեն օրինական դաշտում, հարկեր վճարեն: Շատ գործազուրկներ ոչ լավ օրից հիմա տաքսի են քշում: Բազմաթիվ նոյեմբերյանցիներ դժգոհում են, որ Նոյեմբերյանը Երեւանին կապող միկրոավտոբուսային երթուղին փակվեց: Այն համեմատաբար էժան սպասարկում էր իրականացնում, մեկնումի եւ ժամանելու ժամը ստույգ էր:
Ոսկան Սարգսյան