Երեկ ՀՀ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը սկանդալային հայտարարություն է արել: Նա ասել է. «Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` այս միտքը Խաչատրյանը մի անգամ էլ է հայտնել 2011-ի բյուջեի մշակումից առաջ, բայց ոչ հրապարակային: Նա Սերժ Սարգսյանի հրավիրած մի քննարկման ժամանակ էլ էր նման մտահոգություն հայտնել, սակայն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անսպասելի սկսել էր «հիմնավորել» պահանջն ու թվարկել, թե ինչ միջոցներից է հնարավոր հավաքել գումարները: «Լսեցի՞ր, Գագի՛կ, դե կկատարես»,-պատասխանել էր Սերժ Սարգսյանը` փակելով թեման: Դրան հետեւեց Հայաստանում սկսված հարկային ահաբեկչությունը` իր հայտնի հետեւանքներով: Իսկ Խաչատրյանի երեկվա հայտարարությունն արդեն այլ կերպ էր մեկնաբանվում: Քաղաքական շրջանակները կարծիք էին հայտնում, որ Գագիկ Խաչատրյանն իր հայտարարությամբ ապագա պաշտոնանկության հիմքերն է ստեղծում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ