Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Այս մասին տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Ըստ այդմ՝ Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։
Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։
Բացի թեստի արդյունքից Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն (Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների և Ուկրաինայի քաղաքացիների համար ապահովագրություն չի պահանջվում):