ԽՈՒՃԱՊ ՉՊԵՏՔ Է ԱՌԱՋԱՆԱ՝ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանը նոր սկսել զբաղվել ապաստարանների կառուցման աշխատանքով, երբ ՀՀ-ում պատերազմն ավարտվել է: Մեր զրուցակիցն ասաց, որ դա պետք է արվեր տարիներ առաջ, սակայն քաղաքային իշխանությունները դա չեն արել ու հիմա զբաղվում են այդ գործով:

 

-Երեւանի քաղաքապետարանը ավագանու նիստի ժամանակ քննարկում է այն հարցը, որ պետք է կարգավորել Երեւանում առկա ապաստարանները: Բոլորի համար հարց է առաջանում, թե ինչու հիմա միայն Երեւանի քաղաքապետարանը սկսեց մտածել  դրանց մասին:  Ձեզ համար հայտնի՞ է, թե ինչու իրենք որոշեցին հիմա միայն զբաղվել այս հարցով, երբ պատերազմը ավարտված է:

-Խնդիրը արդիական է եղել  նախքան պատերազմը եւ արդիական է նաեւ հիմա: Բայց այնպես չէ, որ իրենք գիտեին առկա խնդրի մասին: Ես անձամբ խոսել եմ քաղաքապետի տեղակալներից մեկի հետ, որը հավաստիացրել է, որ աշխատում են այդ ուղղությամբ, եւ պատերազմական  օրերին խնդրել է նման հրապարակումներով հանդես չգալ, որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա: Դրանից հետո միակ աշխատանքը, որ ես տեսա, դրանք համատիրությունների  շենքերի մուտքերին փակցված գրություններն էին, որտեղ երեւում էին այն հասցեները, որտեղ մարդիկ պետք է ապաստան գտնեին: Բայց իրականում այդ հասցեներում միշտ չէ, որ այդ հնարավորությունը կար: Շենքերի նկուղները, գիտեք, թե ինչ անմխիթար վիճակում են գտնվում, նույնիսկ եթե այդ հասցեն թղթի վրա գրվում է, դա չի նշանակում, որ այդ նկուղում հնարավոր կլինի թեկուզ մեկ ժամ անցկացնել:

Ինչո՞ւ են հիմա դրանով զբաղվում:

-Պարզապես աշխատանքի իմիտացիա է: Այն ժամանակ լուրջ աշխատաք չցուցաբերեցին, նույնը նաեւ հիմա չեն կարողանալու անել, ինչը բխում է իրենց անլուրջ վերաբերմունքից:

-Այսինքն՝ այս ժամանակահատվածում փորձում են ինչ-որ հարցերի լուծում տալ՝ համարելով որ ժողովրդի համար աշխատանք են անո՞ւմ: Քաղաքային իշխանությունը արդյոք զբաղվում է ապաստարանների կարգավորմամբ,  քանի որ հանրության մոտ սկսել է խուճապ տարածվե՞լ, թե առաջիկայում պատերազմ է սպասվում:

-Խուճապի խնդիր, կարծում եմ, չպետք է առաջանա, քանի որ ռազմապաստարաններ միշտ պետք է ունենալ եւ դրան պատրաստ լինել: Դա պարզապես մարդկանց համար պետք է հավելյալ հանգստության տեղիք տա: Բայց ես ուզում եմ ասել, որ դա զուտ մեխանիկական կամ որոշումների կայացման խնդիր չէ: Դա բարդ, ծանր կազմակերպչական գործընթաց է, որովհետեւ  պետք է հաշվի առնել ոչ միայն առկայությունը որեւէ ռազմապաստարանի, այլ նաեւ  տարողունակությունը: Ենթադրենք՝ հինգ բազմաբնակարան շենքի շրջակայքում չի կարող լինել մեկ ռազմապաստարան, որը տեղակայի 20-30 հոգում: Դրա համար պետք է այս խնդիրը ստանա համակարգային լուծում:

-Պարո՛ն Խաժակյան, կարո՞ղ ենք ասել, որ տարիների շարունակ քաղաքային իշխանությունները, չեն զբաղվել այս հարցով, այն գումաները, որոնք տրամադրվել են այս նպատակով, չեն ծախսվել, եւ այսօր փորձում են այս պահին դրությամբ այդ հարցին լուծում տալ:

-Մշտապես ռազմապաստարանների վրա ծիծաղելի մի թիվ է բյուջեով նախատեսված եղել , որը կազմել է  16 մլն դրամ: Այս տարվա համար այն փոքր-ինչ ավելացել է: Բայց, մի կողմից, ինչ է նախատեսում անել, ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է արել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ այդ գումարն ամբողջ համայնքի համար չի կարող բավարար լինել: Եթե ուզում ենք ձեւական մի բան անել եւ ասել, որ անում ենք, հա, կարելի է ասել, բայց այդ թուղթը, որը փակցվել էր, դա հարցի լուծումը չէր: Հարցի լուծումը պատշաճ վիճակի բերելն էր ռազմապաստարանները, այդ թվում նաեւ բազմաբնակարանային շենքերի նկուղները:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

40 ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԱՆՁ ԿԱ

Այս պահին 40 անհետ կորած քաղաքացիական եւ բռնի անհետացած անձ կա, որոնցից մի մասը, տարբեր տեղեկություններով, սպանվել են, մի մասը` գերեվարվել եւ ադրբեջանական բանտում են պահվում, իսկ մյուս մասը անհետ կորած է։

Երեկ այս մասին հայտնել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։ «Մեր արձանագրմամբ՝ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39-ը՝ պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետեւանքով, այսինքն` քաղաքացիական օբյեկտներին թիրախավորելու հետեւանքով, հեռահար հարվածների հետեւանքով, եւ 21-ը` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարման մեջ ընկած քաղաքացիներից սպանության դեպքերն են, հիմնական մասի մարմիններն արդեն գտել ենք, վերադարձվել են, մի քանի դեպք տեսանյութերի հիման վրա կամ ականատեսների վկայությունների հիման վրա, տեղյակ ենք, որ սպանվել են, բայց ճնշող մեծամասնության մարմիններն առկա են»,-ասել է նա:

Գերիների վերադարձի մասին խոսելով` Բեգլարյանը նշեց, որ թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում համակարգման խնդիրներ եղել են, բայց գլխավոր խանգարող գործոնը Ադրբեջանի ապակառուցողական ու հանցավոր վարքն է ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ են կատարվում ու սպանություններ, այդ թվում՝ գերեվարված անձանց, բայց նաեւ ակնհայտ է, որ նրանք թաքցում են ե՛ւ ռազմագերիներին, ե՛ւ քաղաքացիական անձանց. «Դեռեւս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ: Կխուսափեմ թիվ նշել: Որոնց մի զգալի մասը նաեւ տեսանյութերով են ապացուցված, որ իրենց մոտ են գտնվում»:

Բեգլարյանի տեղեկություններով՝ Ադրբեջանից վերադարձած հայ գերիների ընդհանուր թիվը 53 է։ Օմբուդսմենի խոսքով՝ վերադարձած գերիներից շատ վկայություններ կան, որ ադրբեջանական բանտերում եւ նաեւ զինված ուժերի կողմից գերեվարման ընթացքում նրանք, այդ թվում՝ կանայք, արժանացել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, հոգեբանական եւ ֆիզիկական բռնության։ Նրանց զգալի մասն առ այսօր կրում է հետեւանքները եւ հիվանդանոցներում բուժում է ստանում. «Բացի այս 53-ից, 2 քաղաքացիական պաշտոնապես հայտարարված գերիներ մահացել են ադրբեջանական բանտում, մեկի մարմինը փոխանցվել է, մյուսի մարմինը դեռեւս չի փոխանցվել մեզ: Երկուսի պարագայում էլ հստակ բավարար ապացույցներ կան` պնդելու, որ բանտում սպանվել են, երկուսն էլ տարեց անձինք են` մեկը` 80-ն անց, մեկը` 79 տարեկան»:

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար։ Նա չի նշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Արցախի կառավարությունում, սակայն ասել է, որ գործադիրում կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով է զբաղվելու։

 

 

 

ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը կբարձրանա 2.27 դրամ/կՎտժ-ով։ Այսինքն՝ հանձնաժողովն առաջարկում է սոցիալապես անապահով ընտանիքների եւ ամսական մինչեւ 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով։

Պարզվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական եւ բացասական գործոնների վերլուծության արդյունքում հաջորդ տարվա փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք, այս պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։

Ի դեպ, տեղեկացնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները եւ մատակարար ընկերության ներկայացուցիչները:

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում այսօր կգումարվի արտահերթ նիստ: Օրակարգում կլինեն հանձնաժողովում քննարկված երկու նախագծերը: Դրանցից մեկը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է երկարաձգել երեք դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը:

 




Լրահոս