Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վալանսի քաղաքային խորհրդի բանաձեւը՝ Ֆրանսիայի եւ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին.
«Հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը եւ, մասնավորապես, Լ 2121-29 հոդվածի վերջին պարբերությունը, համաձայն որի՝ «Քաղաքային խորհուրդները կարող են կոչեր ընդունել տեղական բնույթի բոլոր հարցերի վերաբերյալ,
հիմք ընդունելով, որ Վալանս եւ Իջեւան (Տավուշի մարզ) քաղաքները 1995-ից ի վեր քույր քաղաքներ են, եւ որ Վալանսը 2015-ից բարեկամական հարաբերություններ ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որոնց խորհրդանշում է երկու համայնքների միջեւ կնքված բարեկամության հռչակագիրը,
հիմք ընդունելով, որ Ֆրանսիան Հայաստանի հետ ունի հազարամյա բարեկամական հարաբերություններ եւ ավելի քան 100 տարուց ի վեր պատմական եւ համընդհանուր պատասխանատվություն է կիսում 1915-ի հայ ժողովրդի ապրած ցեղասպանության հարցում,
հաշվի առնելով սույն թվականի հուլիսի 12-ին Տավուշի մարզում ծանր զենքի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք վրա, որի սահմանները մինչդեռ միջազգայնորեն ճանաչված են,
հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ Ադրբեջանի միակողմանի պատերազմի սանձազերծումը՝ 44 օր շարունակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ սահմանամերձ համայնքների բնակիչներին, եւ որ այս ռմբակոծությունները խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի պատճառ են հանդիսացել՝ արտաքսման դատապարտելով հազարավոր արցախցիների,
հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակի գործողությունները, որի շարքերում ներգրավված էին Սիրիայում ջիհադական խմբավորումներում կռված վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Լեռնային Ղարաբաղում, որն ուղեկցվել է զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով (մասնավորապես՝ արգելված այնպիսի զենքերի օգտագործում, ինչպիսիք են կլաստերային զինամթերքը կամ ֆոսֆորային ռումբերը եւ այլն),
հաշվի առնելով 1994-ի հրադադարի համաձայնագրից ի վեր եւ, մասնավորապես, ԵԱՀԿ-ի ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի կողմից այս սառեցված հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք, սակայն, ի վերջո հանգեցրել են նրա խիստ չեզոք դերին,
հաշվի առնելով, որ Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ին կնքվել է զինադադարի վերջնական համաձայնագիր, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել, եւ որով, այնուամենայնիվ, սահմանվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի եւ ադրբեջանական բանակի՝ այդ իսկ օրը զբաղեցրած դիրքերը՝ կեսից ավելին կրճատելով նախկին սահմանները, որոնք, սակայն, կայուն էին 1994 թ.-ի զինադադարի համաձայնագրից ի վեր,
հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը 1988-ից ի վեր նախաձեռնել են ինքնորոշման դանդաղ գործընթաց, ինչպես նախատեսված է Միացյալ ազգերի կանոնադրության մեջ՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին ընդունելով անկախության հռչակագիր, որն հաստատվել է 1991-ի դեկտեմբերի 10-ի լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով,
հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը երեսուն տարուց ավելի սեփական ժողովրդին մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբեւէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն եւ պաշտպանություն, ինչպես նաեւ տնտեսական եւ մշակութային բարգավաճում,
հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համախմբում է միջազգային հանրային իրավունքով ընդունված պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, որոնք իրավական տեսանկյունից մարմնավորում են Արցախի ժողովրդին եւ պետք է հանգեցնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը այսուհետ համարվի որպես իր ժողովրդի ինքնիշխանությունը ներկայացնող սուբյեկտ,
հաշվի առնելով վերջապես, որ տարբեր քաղաքական կուսակցությունների հարող ֆրանսիացի խորհրդարանականներ կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման բանաձեւի առաջարկ, եւ որ նույնանման բանաձեւ է ընդունվել Սենատում նոյեմբերի 25-ին, որ, բացի դրանից, շուրջ տասնհինգ քաղաքապետներ եւ երեսուն ՏԻՄ ընտրված անդամներ սատարում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչման ազգային կոչին,
հաշվի առնելով, որ այսօր միայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է երաշխավորել խաղաղություն տարածաշրջանում՝ անխուսափելիորեն հանգեցնելով հրադադարին հաջորդող միջազգային պայմանագրի, փուլ, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում արդար եւ կայուն իրավիճակ ստեղծելուն միտված եւ բոլոր կողմերը ներառող խաղաղ գործընթացի հասնելու համար, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները։ Վերոնշյալից բխում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունն մեզ ավելի քան երբեւէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական եւ արդար,
հիմք ընդունելով Վալանսի քաղաքային խորհրդի ընտրված անդամների ներկայացրած բանաձեւի առաջարկը, քննարկումից հետո, ընդունում է հետեւյալ կոչը.
հոդված 1. որ ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը եւ ընդունի հետեւյալ դիրքորոշումը՝
Ֆրանսիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի եւ Արցախի իշխանություններին եւ ներգրավվում է Եվրոպային եւ միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում:
Հոդված 2. Սույն որոշումը կուղղվի Ֆրանսիայի Հանրապետության նախագահին եւ Ֆրանսիայի կառավարությանը»:
ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Տավուշի մարզից մոբլիզացված, պահեստազորից զորակոչված զինծառայողները խիստ դժգոհ են, որովհետեւ իրենց ծառայության համար սահմանված աշխատավարձերի գումարները տրվում են միայն մեկ բանկից՝ «Հայբիզնեսբանկից», որի մասնաճյուղեր Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում չկան։
Մոբլիզացված զինծառայողներն իրենց աշխատավարձերի գումարները ստանալու համար Նոյեմբերյանի եւ հեռավոր Բերդի տարածաշրջաններից մեկնում են Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաք, ուր գործում է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ, սակայն այնտեղ եւս մեծ թվով մոբլիզացվածներ աշխատավարձեր են ստանում, ուստի Իջեւանի մասնաճյուղում շատ մեծ հերթեր են։ Այդ պատճառով Տավուշի մարզից մոբլիզացվածները աշխատավարձի գումարները ստանալու համար հասնում են Վանաձոր եւ անգամ Ապարան քաղաք։
Մոբլիզացվածներն արդարացի կերպով դժգոհում են, թե ինչու է աշխատավարձը վճարվում Հայաստանի բանկերից մեկի միջոցով. ճիշտ կլիներ իրենց աշխատավարձը վճարել բանկային քարտի միջոցով, որի միջոցով մոբլիզացված, սահմանը պաշտպանած անձը աշխատավարձի գումարը կարող էր ստանալ Հայաստանի ցանկացած բանկի մասնաճյուղից։ Մոբլիզացվածների աշխատավարձը վճարելու համար ինչո՞ւ է ընտրվել հենց «Հայբիզնեսբանկը»։ Բանն այն է, որ «Հայբիզնեսբանկը» Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանկային կանոնների լուրջ խախտումներ է ունեցել, եւ Հայաստանի կենտրոնական բանկը պատրաստվել է այդ բանկին զրկել բանկային արտոնագրից, սակայն գտնվել են միջնորդներ, որոնք կարողացել են այդ հարցը լուծել։
ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնել է Իսպանիայում Հայաստանի դեսպանության պաշտոնական էջը: «Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը (Անդալուսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած միջնորդագրին կողմ են քվեարկել նաեւ Իսպանիայի իշխող Սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները»,- ասված է հաղորդագրությունում: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։
ԿԱԶԱՏՎԵՆ ՊԵՏՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել. Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 675-Ն որոշմամբ՝ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք կազատվեն նոտարական գործողությունների եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմաց պետական տուրքի վճարումներ կատարելուց: 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 676-Ն որոշմամբ՝ զոհվածների ընտանիքների անդամները, մշտական բնակության վայրից տեղահանված անձինք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կազատվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 662-Ն որոշմամբ սահմանված նոտարների կողմից վճարովի ծառայությունների համար վճարումներ կատարելու պարտավորությունից: 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 677-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վճարովի ծառայությունների դիմաց վճարների գանձում նախատեսող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի N 608-Ն որոշումը: