Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս բեկորային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, բուժակ Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը շուրջ մեկ ամիս մասնակցել է Հադրութի թեժ մարտերին: Հոր հետ միասին աննկուն կռիվ է տվել նույն խրամատում, փրկել է շատ զինակից ընկերների կայնքերը եւ ընկերներին օգնություն ցուցաբերելու ընթացքում ինքը նույնպես վիրավորվել է:
ArmLur.am-ի հետ զրույցում մերօրյա հերոսը իրեն բնորոշ համեստությամբ հիշում է մարտի դաշտում հոր հետ հանդիպում, մարտական ընկերներին, մտերիմ ընկերոջ հետ վերջին խոսակցությունը, հիշում է, թե ինչպես էին զինակիցները գոռում՝ «դոկտր» օգնի:
Դավիթի հայրը՝ Սուրենը, երբ լսում է պատերազմի մասին, շտապում է մեկնել առաջնագիծ որդու կողքին լինելու համար: Մեզ հետ զրույցում հայրը, հուզմունքը չկարողանալով թաքցնել, արտասվում է, եւ միեւնույն ժամանակ պատմում 18 տարեկան զինվորիների աննկուն կամքի եւ արիության մասին, թե ինչպես են քաջաբար կռվել թշնամու մեծաքանակ զորքի դեմ:
«Ծառայել եմ Հադրութում: Պատերազմի մասին իմացել ենք առաջին իսկ վայրկյանից, առավոտյան շուտ տագնապ են տվել, եւ կես ժամվա ընթացքում բարձրացել ենք դիրքեր: Սեպտեմբերի 25-ից տեղաշարժ նկատել ենք թշնամու կողմից, երբ հերթափոխ տեղի ունեցավ, մեր երկու գումարտակները դիտարկման ընթացքում տեսել էին, որ սահմանում կուտակումներ կան եւ դեռ շարունակվում են, եւ արդեն երկու օր հետո սկսվեց պատերազմը…
Առաջին օրը ուզում էի զանգարահրել տուն, ծնողներիս ասել, որ լավ եմ, ամեն բան կարգին է, կապ չկար, չգիտեմ՝ ինչու: Չորս օր հետո նոր կարողացա կապ հաստատել: Այդ չորս օրվա մեջ միայն մտածում էինք, թե ինչպես անենք, որ կարողանանք տուն կապվել, մենակ մտածել ենք մեր կյանքի եւ դիրքերը պահելու մասին: Պատերազմի առաջին օրերին շատ ուժեղ հրետակոծում էին, անդադար արկեր էին ընկնում մեր ուղղությամբ: Մարդաքանակի պակաս ունեինք, չգիտեմ… Ժամանակ է եղել, որ իրենց հետ մարտի ենք բռնվել, բայց շատն իրենք հրետանիով էին աշխատում: Այն, որ ասում են, թե զենք չենք ունեցել եւ այլն, սուտ լուրեր են, զինամթերքի պակաս չենք ունեցել: Կամավորների շատ քիչ եմ տեսել, հիմանականում ում որ տեսել եմ, փախել են, իսկ կռիվ տվել են միայն 18 տարեկան ժամկետային զինծառայողները: Առաջին բուժօգնություն ինձ ցուցաբերել է հայրս, վիրավորվել եմ ընկերոջս կյանքը փրկելիս: Ես եղել եմ մեր վաշտի բուժակը: Փրկել եմ 44 հոգու կյանք: Երբ ընկերս վիրավորվեց, թաքստոցից դուրս եկա, որ իրեն օգնեմ, այդ ընթացքում ես էլ վիրավորվեցի»,-պատմում է մեր զրուցակիցը:
Փառք ու պատիվ մեր նահատակված զինվորներին եւ բոլոր նրանց, որոնք մինչեւ վերջին շունչը իրենց մատղաշ կյանքը դրել են հայրենիքի փրկության համար: Նրանցից յուրաքանչյուրը Դավիթներ ու Մոնթեներ են»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՑԵՆՏ ՕԳՆՈՒՄ Է». ԴԻԶԱՅՆԵՐ ՄԱՅՔԼ ԿՈՍՏԵԼՈ
Դիզայներ Մայքլ Կոստելոն նոր գրառում է արել՝ ի աջակցություն Հայաստանի։ Նա հայտնել է «Խաղաղություն հայերի համար» դիմակների վաճառքի մասին եւ նշել, որ առաջիկա օրերին եկամուտները կուղղվեն Համահայկական հիմնադրամին։
«Խնդրում եմ բոլորին օգնել, վաճառելով՝ մենք կարող ենք փոխել իրավիճակը։ Ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանի հիմնադրամին։ Իմ սիրելի՛ ընկերներ, ես շոյված եմ մեծաթիվ արձագանքից, որն իմ նախորդ հրապարակումն ունեցել է, երբ խնդրում էի հանրությանը աղոթել հայերի խաղաղության համար։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը սիրում են վիճել համաշխարհային պատմաբանների նման, բայց փաստն այն է, որ հայերը հարձակման են ենթարկվել եւ օգնության կարիք ունեն։
Ես հայ չեմ, բայց ես շատ մտերիմ ընկերներ ունեմ, աշխատակիցներ ու հաճախորդներ, որոնք հայեր են, եւ ես ցանկանում եմ նրանց օգնել, ինչով կարող եմ։ Նրանք վերջին մի քանի օրվա ընթացքում Լոս Անջելեսում բողոքի ակցիաներ են արել, եւ ես ուզում եմ, որ նրանք ապահով լինեն։
Այս «Խաղաղություն հայերի համար» դիմակները պատրաստվել են իմ աշխատակիցների կողմից՝ հայ կանայք, որոնք ինձ հետ են գրեթե մեկ տասնամյակ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս դիմակների՝ հաջորդ 7 օրերի եկամտի 100 տոկոսը որոշել ենք նվիրաբերել Համահայկական հիմնադրամին։ Նորմալ է, եթե չեք ցանկանում գնել։ Խնդրում եմ նվիրաբերել հիմնադրամին։ Յուրաքանչյուր ցենտ օգնում է»,- գրել է նա։
Երեկ արված հրապարակմամբ դիզայները հայտնել էր, որ աղոթում է հայերի համար. «Եթե օգտվում եք սոցիալական մեդիայից, հավանաբար տեսել եք, որ Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են։ Ցավոք, առաջատար լրատվամիջոցների կողմից բավականաչափ լուսաբանում չի եղել։ Մենք հիմա պիտի բարձրաձայնենք։ Խնդրում եմ, արտահայտե՛ք ձեր աջակցությունը մեր հայ ընկերներին, գործընկերներին ու ընտանիքներին»։
ՊԱՐՏՎԵԼ Է
ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում ամերիկյան «Լոս Անջելեսը» 1:2 հաշվով պարտվել է մեքսիկական «Տիգրեսին»: Ամերիկյան Օռլանդոյում տեղի ունեցած խաղում «Լոս Անջելեսի» կազմում խաղի հաշիվը 61-րդ րոպեին բացել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որի գոլին մեքսիկական ակումբը պատասխանել է 72-րդ եւ 84-րդ րոպեներին: «Տիգրեսն» առաջին անգամ նվաճեց ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը:
ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ
«Բարսելոնան» ֆրանսիացի բասկետբոլիստ Թոմաս Էրտելին թողել է Ստամբուլում՝ թույլ չտալով թիմի հետ ինքնաթիռով վերադառնալ Իսպանիա: Կատալոնական ակումբը Թուրքիա էր մեկնել «Ֆեներբահչեի» դեմ Եվրալիգայի հանդիպման համար: «Բարսելոնան» որոշել է պատժել Էրտելին, քանի որ խաբված է զգում իրեն: Նրա մասնակցությունը «Ֆեներբահչեի» դեմ հանդիպմանը չէր նախատեսվում: Էրտելը Թուրքիա էր մեկնել «Ֆեներբահչեի» հետ բանակցությունների համար, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ ֆրանսիացի բասկետբոլիստը գաղտնի բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ եւ փոխհամաձայնության եկել տեղափոխության հարցում: Թոմաս Էրտելի ներկայացուցիչները մտադիր են դատի տալ «Բարսելոնային»:
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԵԿՈՐԴԻՆ
«Բարսելոնայի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերն անդրադարձել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պատմական ռեկորդին: Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (3։0) գրավելով «Վալյադոլիդի» դարպասը՝ 33-ամյա Մեսին 644-րդ գոլն էր խփել «Բարսելոնայում» եւ մեկ ակումբում խփած գոլերի քանակով գերազանցել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ռեկորդը։ «Դա ռեկորդ է, որը ոչ ոք չէր կարողանում գերազանցել: Այն այլեւս ոչ ոք չի գերազանցի»,-նշել է անգլիացին: Հիշեցնենք, որ Պելեն 1956-1974-ին բրազիլական «Սանտոսի» կազմում խփել է 643 գոլ։
ԴՐԱԿԱՆ ԵՆ ԵՂԵԼ
Ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Մոհամեդ Կամարայի ու հարձակվող Սեկու Կոյտայի դոպինգ թեստի պատասխանները դրական են եղել: Մալիի հավաքականի 2 ֆուտբոլիստները հայտարարել են, որ Նամիբիայի դեմ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հանդիպումից առաջ հիվանդության դեմ հաբեր են ընդունել թիմի բժիշկների խորհրդով: Հանդիպումն անցկացվել էր Վինդհուկ քաղաքում, որը ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա է: «Զալցբուրգը» հայտարարել է, որ պատրաստ է աջակցել խաղացողներին, եւ նրանք շարունակում են մարզվել թիմի կազմում մինչեւ ՈւԵՖԱ-ի հետ պարզաբանումների ավարտը: