2020 թվականը ծանր տարի էր աշխարհի եւ ամենից շատ Հայաստանի համար: Եթե այլ երկրներ փորձում էին հաղթահարել կորոնավիրուսային համավարակը միայն, ապա Հայաստանի ու Արցախի դուռը թակեց նաեւ դաժան պատերազմը: Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը: Հայաստանն այդ առումով բացառություն չէր: Հայաստանում կորոնավիրուսային առաջին վարակի դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին: Դրանից հետո վեց ամիս շարունակ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ապա եւս վեց ամիս կարանտին հայտարարվեց, որն էապես չէր տարբերվում նախորդից: Արդեն սեպտեմբերի 27-ից բոլորը, մոռանալով կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների մասին, լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին: 44-օրյա պատերազմն ավելի ծանր հետեւանքներ թողեց Հայաստանի եւ Արցախի համար: Նոյեմբերի 21-ի հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։ Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը՝ Հադրութի շրջանում, 16-ը՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական՝ Մարտակերտի եւ Ասկերանի շրջանում, 6-ը՝ Մարտունու շրջանում, եւ 2-ը՝ Շուշիի շրջանում։ Այս ցանկը հնարավորություն է տալիս հասկանալ, թե Արցախի որ բնակավայրերն են անցել ադրբեջանական կողմին եւ որոնք են մնացել հայկական վերահսկողության տակ։ Այս պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում գտնվող երկու գյուղ՝ Թալիշը եւ Մատաղիսը։ Հադրութի շրջանում բնակվում էր մոտ 12,000 մարդ, բոլոր համայնքները անցել են ադրբեջանական վերահսկողության տակ՝ բացառությամբ երկուսի՝ Խծաբերդի եւ Հին Թաղերի: Շուշիի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ է մնում Շուշի քաղաքը եւ Քարին տակ գյուղը։ Ասկերանի շրջանի հարավում՝ Շուշիի եւ Մարտունու շրջանների միջեւ ընկած հատվածում, Ադրբեջանին են անցել Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ եւ Մոշխմհատ համայնքները։ Իսկ Մարտունու շրջանի հարավային մասում՝ Հադրութի շրջանի հարեւանությամբ, հինգ գյուղ է անցել Ադրբեջանին՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն եւ Թաղավարդ։ 2021 թվականը պետք է լինի 2020 թվականի հետեւանքների վերացման տարի: Պետք է Հայաստանը, քաղաքական ուժերը, բնակչությունը համատեղ ուժերով կարողանան դուրս գալ իրավիճակից եւ երկիրը կրկին չտանեն ցնցումների: Օր առաջ երկրում հանգիստ իրավիճակը, լարվածության վերացումը կարող է բերել դրական փոփոխությունների, որի կարիքը կա այս տարվա իրադարձություններից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է բանակաշինության, անվտանգության ու Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր: Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյան-Վիտալի Բալասանյան հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանում եւ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Մենք արդեն երկու օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից էլ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը երկու օր է՝ մեր հեռախոսազանգերը թողնում է անպատասխան: Իսկ, ահա, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեր հարցին պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ՝ հերքելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: «Չեմ հանդիպել», – ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրված հրամանագրի համաձայն է Վիտալի Բալասանյանը նշանակվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր 2016 թվականի նոյեմբերից մինչեւ այս տարվա հունիս։ Արցախում նախագահական ընտրություններից հետո անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Սամվել Բաբայանը, ով այդ պաշտոնից ազատվեց նոյեմբերի 16-ին՝ սեփական դիմումի համաձայն։
Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություն կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Այն դեռեւս ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո՝ արդեն հաջորդ տարի, կքննարկվի խորհրդարանում: Երեկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն ստացել էր 97 կողմ ձայներ: Նախագծով, մասնավորապես, ավելացվում է դատավորների թիվը, կլինեն նոր դատավորներ, որոնք քննելու են դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե սա կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը եւ քրեական գործերի քննության արագությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի մասով ներկայացվել է 17.136 միջնորդություն, 2019 թվականի ընթացքում՝ 18.627 միջնորդություն, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9.883 միջնորդություն: 2019 թվականին ներկայացված միջնորդություններից 11.717-ը ներկայացվել են Երեւան քաղաքում, իսկ 6.910-ը՝ մարզերում:
Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.947 մլրդ դոլար: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ ամսում՝ նոյեմբերի ընթացքում, պետական պարտքը նվազել է մոտ 29 մլն դոլարով։ Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 606 մլն 900 հազար դոլարով։ Ի դեպ, ըստ որոշ կանխատեսումների՝ այս տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 8.850 մլրդ դոլար, իսկ 2021 թվականի վերջում՝ 9.215 մլրդ դոլար: Նման կանխատեսումներ առկա են Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում: Բացի այս, կանխատեսվում է նաեւ, որ հաջորդ տարի ավելանալու է պետական պարտքը, ըստ այդ կանխատեսումների՝ 365 մլն դոլարով: Այս ընթացքում գործադիրը ներգրավելու է նոր արտաքին վարկեր ու ներքին պարտք՝ զուգահեռաբար մարելով նախկինում ունեցած պարտավորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է, որը 34.6 մլն դոլարով ավելացել է՝ հոկտեմբերի համեմատ: Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ ներքին պարտքը նվազել է 63.5 միլիոնով։