«ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԱԼՈՒ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ-ական Տարոն Տոնոյանի հետ՝ պարզելու համար, թե ՀՀ վարչապետի հրաժարականից հետո կոնկրոտ ինչ քայլերի է գնալու ընդդիմությունը: Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր հանրահավաքի սակավաթիվ լինելը կապված է նաեւ եղանակային պայմանների հետ, բայց փաստ է, որ ժողովրդի պահանջը նույնն է՝ իշխանությունների հրաժարականը:

 

-Պարո՛ն Տոնոյան, ըստ Ձեզ՝ առաջիկայում ժողովուրդն ավելի կշատանա՞, քանի որ քննարկումներ են լինում, թե՞ ժողովուրդը տուն է գնում, չի գիշերում հրապարակում։ Կարծում եք, որ մարդկանց թիվը դեպի նվազո՞ւմ է գնում։

-Դե, թվաբանական առումով չպետք է խաբենք մեկս մեկին։ Օրինակ, այսօր եղանակային պայմանները նպաստավոր չեն դրա համար, բայց, կարծում եմ, պայքարող մարդու համար այդ պայմաններն այնքան էլ կարեւորությում չպետք է ունենան։ Բայց, ինչ խոսք, դա անդրադառնում է։ Մարզերում ձյուն է եկել, ցուրտ, անհրապույր եղանակ է։

-Ձեր կարծիքով՝ կա՞ն ճնշումներ քաղաքացիների վրա, որ չմասնակցեն հանրահավաքի։

-Դե, Իշխան Սաղաթելյանը կանչվել է քննչական մարմին, կան զգուշացումներ, բայց դա չէ էականը։ Միեւնույնն է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռանալու է։ Չհեռանա այս շաբաթ, կհեռանա երկու շաբաթից, չհեռանա երկու շաբաթից, կհեռանա ինքնակամ երկու ամիսց, քանի որ այս մթնոլորտով, այս անիշխանության պայմաններով արտաքին հարաբերությունները զրոյական վիճակում են։ Բոլորը մեզ հետ, բոլոր երկրները արտաքին աշխարհում մեզ հետ հաշվի չեն նստում։ Դուք գիտեք, որ Փաշինյանի հետ հաշվի չեն նստում։ Այսպես անհնարին է ղեկավարել։ Ընդդիմությունը, ես, Հայ հեղափոխական դաշնակցությունը տեսնում ենք, որ օր օրի մենք տկարանում ենք։ Քանի որ մեր գործողությունները հակադարձվում են իշխանությունների հետ, նրանք իրենց ուժերի գերլարումով իրենց աթոռն են պահում, եւ իրենց աշխատանքը թողած է: Եվ մեր «պատճառով» էլ է տեղի ունենում այդ տկարացումը, բայց մենք դա չենք ուզում, որովհետեւ մենք մի բանում վստահ ենք, որ մեկ օր ավել մնալը իշխանության մեր պետականությունը տուժում է։ Մարդիկ հույս չեն կարող փայփայել այն իշխանությունների հետ, որոնք, իշխանության գալով, ամեն օր ստում են։ Այսինքն՝ սուտ ասողների հետ որեւէ մեկը իր հույսը չի կապում։ Հանրապետությունում պետք է իրավիճակը փոխել, աղետ ու աղետալի արտագաղթ չունենանք։ Պետք է կանխենք արտագաղթը, պետք է ժողովուրդն ինքն ընտրի իր իշխանությունը, բայց այդ ընտրությունները չպետք է անցկացնի Նիկոլ Փաշինյանը։ Այս իշխանության պայմաններում, այս թշնամանքի պայմաններում, ես պատկերացնում եմ, թե ինչ տեղի կունենա այս բեւեռացված պայմաններում, եթե լինեն ընտրություններ։ Կատարյալ քաոս կդառնա։ Եվ մենք է՛լ ավելի  խորը անդունդում կհայտնվենք դրանից հետո։ Վստահ չեմ, որ իրենց անցկացված ընտրություններից հետո լեգիտիմ կճանաչվեն այդ ընտրությունները նկարագրածս իրավիճակի պայմաններում։

-Նաեւ տեսակետ կա, որ ընդդիմությունը չի առաջարկում այնպիսի ծրագիր, ելք, որով ժողովուրդը կկարծի, որ Փաշինյանի գնալով լուծում կտրվի։ Կարծո՞ւմ եք, որ դեռեւս այն ելքը չի առաջարկում ընդդիմությունը, որ ժողովուրդը փողոց դուրս կգա եւ կմիանա ընդդիմությանը։

-Մարդիկ ուզում են անուններ լսել, թե ովքեր պետք է ղեկավարեն։ Դա Վազգեն Մանուկյանը կորոշի։ Ինչո՞ւ. որովհետեւ Վազգեն մանուկյանի կողմից պայման է դրվել, որ մեկ տարվա կառավարություն, որ պետք է ձեւավորվի, իրեն չպետք է խոչընդոտեն, չպետք է խանգարեն , որպեսզի ինքը կարողանա իր առաքելությունը, մեկ տարվա ընթացքում  վերացնել թշնամանքի մթնոլորտը, համերաշխության մթնոլորտ ստեղծել եւ արդարացի ընտրություններ կատարել, եւ այս մեկ տարվա ընթացքում գահավիժումը կասեցնելը կարողանա ինքն իրականացնել։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՔԱ՞Ն ԴԵՊՔ

Այս ընթացքում կամրջից նետվելու մի քանի դեպքերից հետո լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն անդրադառնալ թեմային՝ որոշ դեպքերում հիշելով 2015-ին քննարկված՝ կամուրջները ցանկապատելու առաջարկը: Հատկանշական է, որ, ըստ վիճակագրության, կամրջից նետվելու հետեւանքով գրանցված մահվան դեպքերը ընդհանուրի 12.7 տոկոսն են: Ոստիկանության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ինքնասպանությունների շուրջ 65 տոկոսը (77 դեպք) իրականացվել է կախվելու միջոցով, 18 դեպք՝ բարձրությունից (օրինակ՝ տանիքից), իսկ 15 դեպք՝ կամրջից նետվելու միջոցով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ին գրանցվել է ինքնասպանության փորձի 613 դեպք, որից 153-ն ավարտվել է մահով: Մահացածների թվում մեծամասնություն են 35-65 տարեկան անձինք, 53 անձ՝ 65-ից բարձր տարիքի: Նախորդ տարի ինքնասպանություն է գործել մեկ անչափահաս: Ինքնասպանություն գործելու հիմնական միջոցը կրկին եղել է կախվելը՝ 58 տոկոս, բարձրությունից նետվելու միջոցով կյանքին վերջ է տվել 16 տոկոսը կամ 25 հոգի: 2018-ին գրանցված ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի ընդհանուր թիվը եղել է 606։ 2018-ին, 2019-ի համեմատ, մոտ 17 տոկոսով ավելի է եղել մահերի թիվը՝ 179, նրանցից 7-ը՝ անչափահաս: 2017-ին գրանցվել էր ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 562 դեպք, որոնցից 157-ը մահվան ելքով։ Բոլոր երեք տարիներին ինքնասպանություն ավելի շատ գործել են տղամարդիկ: 2019-ին ինքնասպանություն գործած տղամարդկանց քանակը ավելին էր՝ մոտ 83 տոկոս: Ինքնասպանություն գործելու միջոցով նախորդ տարի մահացել է 127 տղամարդ եւ 29 կին:

 

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

ՀՀ կառավարությունը «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի 5 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի Արցախին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: «ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված՝ 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի շտապ օգնության մեքենաներ, ինչպես նաեւ նվիրատվությամբ ստացվել է 12 «Տոյոտա Լանդ Կրուիզեր» մակնիշի շտապօգնության մեքենաներ: Նախագծով առաջարկվում է շտապ օգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին դրանք հետագայում նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:

 

 

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան լայնածավալ մարտեր սկսվեցին արցախաադրբեջանական սահմանում: Քանի դեռ Ադրբեջանը հայտարարում էր, որ դիմել է հակահարձակման, մի շարք փաստեր վկայում էին, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկար ժամանակ պլանավորում էին ռազմական գործողությունները։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման մասին վկայող տեղեկություններ։

Քաղաքացիական մեքենաների հավաքագրում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար

Ադրբեջանական իշխանությունները, սկսած սեպտեմբերի 21-ից, առգրավում եւ ճանապարհային ոստիկանության հրապարակներում էին տեղակայում քաղաքացիական բնակչությանը պատկանող ավտոմեքենաները, հիմնականում՝ կիսաբեռնատար (pick-up) տեսակի։ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հաստատել էր այս մեքենաների առգրավումը՝ այն պայմանավորելով տեխնիկական զննության անհրաժեշտությամբ:

Չհայտարարված զորահավաքներ էին իրականացվում

Դեռ սեպտեմբերի 24-ին BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանում սկսվել է պահեստազորի հանկարծակի զորահավաք։ Զորացրվածներին  կանչում էին զինկոմիսարիատներ ու միանգամից ուղարկում  զորավարժությունների։ Այդ պահի դրությամբ ռազմական դրություն կամ համընդհանուր զորահավաք հայտարարված չէր: Լրատվամիջոցը նաեւ հայտնում էր, որ պահեստազորի զինվորներին չեն հայտնել նախապես, թե իրենց ուր են տանում: Ավելի ուշ Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի ծառայությունը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ դա սովորական գործընթաց է, որը պարբերաբար տեղի է ունենում:

Թուրքական օդուժը ռազմատեխնիկա էր մատակարարում Ադրբեջան

Պատերազմին նախապատրաստվելու գործում նշանակալի էր Թուրքիայի աջակցությունը։ «Փաստերի ստուգման հարթակը» նկատել էր վերջին մի քանի օրերին Թուրքիայի, Ադրբեջանի եւ  այս երկրների համար զինտեխնիկայի հիմնական մատակարար Իսրայելի միջեւ թռիչքների անսովոր ակտիվացում։ Ռազմաօդային ուժերի այս տեղաշարժերը, ամենայն հավանականությամբ, մեկ հիմնական նպատակ ունեին՝ ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջան։ Համացանցում նյութեր էին տարածվում, որոնք վկայում էին, որ Ադրբեջան են տեղափոխվում նաեւ սիրիացի վարձկաններ:

Թուրք լրագրողները՝ առաջին գծում

Մարտերից կարճ ժամանակ անց թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը, ինչպես թուրքական պետական հեռուստաալիք TRT-ն ու «Անադոլուն», զարմանալիորեն արդեն առաջին գծում էին եւ ուղիղ հեռարձակումներ էին իրականացնում։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական իշխանությունները նախքան հարձակմանն անցնելը ակտիվորեն եւ բացահայտ կերպով նախապատրաստվում էին ռազմական գործողությունների մեկնարկին։ Ընդ որում, դա արվում էր Թուրքիայի աջակցությամբ:

Ն. Պ.

 




Լրահոս