2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականը ծանր տարի էր աշխարհի եւ ամենից շատ Հայաստանի համար: Եթե այլ երկրներ փորձում էին հաղթահարել կորոնավիրուսային համավարակը միայն, ապա Հայաստանի ու Արցախի դուռը թակեց նաեւ դաժան պատերազմը:

 

Կորոնավիրուսի ալիքները

Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը: Հայաստանն այդ առումով բացառություն չէր: Հայաստանում կորոնավիրուսային առաջին վարակի դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին: Դրանից հետո՝ վեց ամիս շարունակ, Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ապա եւս վեց ամիս կարանտին հայտարարվեց, որն էապես չէր տարբերվում նախորդից:  Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 702-ով՝ հասնելով 156 հազար 142-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 23 դեպք. հաղորդում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Երեկ՝ ժամը 11-ի սահմաններում, կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1128-ով եւ հասել 136 հազար 766-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 743 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 575 հազար 910-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 714, եւս 663 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 999 մարդ։

Տավուշյան դեպքեր

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում Հայաստանը փոթորկվեց նաեւ Տավուշից: Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, լարվածությունը սկսվեց հուլիսի 12-ի կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանցիների բոլոր փորձերը չեզոքացվել են՝ առանց հայկական կողմում զոհերի կամ վիրավորների։ Ադրբեջանական կողմն այդ օրը հայտնում է 3 զոհի եւ 4 վիրավորի մասին։ Ադրբեջանական զինուժը, սահմանին հաջողության չհասնելով, սկսում է թիրախավորել սահմանամերձ հայկական բնակավայրերը՝ հրետակոծելով Չինարի, Այգեպար, Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը եւ Բերդ քաղաքը` վերջին մի շաբաթվա ընթացքում մեծացնելով կիրառվող զենքերը՝ 82, ապա 122 միլիմետրանոց ականանետեր, տանկեր, Հաուբից եւ Գրադ։ Հայկական բնակավայրերում տուժում են տասնյակ տներ, մանկապարտեզի շենք, բժշկական պաշտպանիչ դիմակներ արտադրող գործարան։ Քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար ադբեջանական կողմը օգտագործում է նաեւ անօդաչու թռչող սարքեր։

Պատերազմ Արցախում

Արդեն սեպտեմբերի 27-ից բոլորը, մոռանալով կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների մասին, լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին: 44-օրյա պատերազմն ավելի ծանր հետեւանքներ թողեց Հայաստանի եւ Արցախի համար: Նոյեմբերի 21-ի հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։ Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը՝ Հադրութի շրջանում, 16-ը՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական՝ Մարտակերտի եւ Ասկերանի շրջանում, 6-ը՝ Մարտունու շրջանում և 2-ը՝ Շուշիի շրջանում։ Այս ցանկը հնարավորություն է տալիս հասկանալ, թե Արցախի որ բնակավայրերն են անցել ադրբեջանական կողմին եւ որոնք են մնացել հայկական վերահսկողության տակ։ Այս պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում գտնվող երկու գյուղ՝ Թալիշը եւ Մատաղիսը։ Հադրութի շրջանում բնակվում էր մոտ 12,000 մարդ, բոլոր համայնքները անցել են ադրբեջանական վերահսկողության տակ՝ բացառությամբ երկուսի՝ Խծաբերդի եւ Հին Թաղերի: Շուշիի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ է մնում Շուշի քաղաքը եւ Քարին տակ գյուղը։ Ասկերանի շրջանի հարավում՝ Շուշիի եւ Մարտունու շրջանների միջեւ ընկած հատվածում, Ադրբեջանին են անցել Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ եւ Մոշխմհատ համայնքները։ Իսկ Մարտունու շրջանի հարավային մասում՝ Հադրութի շրջանի հարեւանությամբ, հինգ գյուղ է անցել Ադրբեջանին՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն եւ Թաղավարդ։

Ակցիաներ Երեւանում

Նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր 16 ուժեր միասնական պայքար են սկսել՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար ընդդիմադիրները չորս տարբերակ են նշել. առաջինը, որ վարչապետն ինքը հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդը, որ Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, 3-րդը՝ Դատախազությունը պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալի Փաշինյանին, եւ չորրորդ՝ կառավարության անդամների պահանջով գումարվի Ազգային ժողովի նիստ, եւ դրվի վարչապետի հեռացման հարցը: Իշխանականները, արձագանքելով ընդդիմությանը, ասում են, որ պատրաստ են նրանց հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, բայց ոչ Փաշինյանի հրաժարականը։ Նաեւ չեն բացառում արտահերթ ընտրությունների անցկացումը։

Ն. Հ.

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նախատեսվում է մանրամասն քննարկել հարցերը, որոնք կապված են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կյանքի կոչման հետ: Շեշտադրումը կկատարվի հավանական բախումների ռիսկի նվազեցման, երկրներին հումանիտար օգնություն ցույց տալու վրա: Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման նկատմամբ հսկողության ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեության հարցը»,- ասել է Շարապովան: Թուրքիայի արտգործնախարարի այցի ընթացքում կքննարկվեն նաեւ ռուս-թուրքական երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր:

 

 

ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ

Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարեւոր որոշումներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նախագահի կայացրած կարեւոր որոշումների թվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ հաստատված պայմանավորվածությունը, որը դադարեցրեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Դա թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունը եւ պահպանել մարդկային կյանքերը»,- ասել է Վոլոդինը: Նա հավելել է, որ եթե պայմանավորվածությունը ձեռք չբերվեր, ապա Ռուսաստանը շատ մոտ եւ մեծ խնդիր կունենար:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում եւ նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ եւ վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջեւ ներկայումս ծառացած սպառնալիքների պարագայում հապաղումը կարող է ավելի լուրջ վտանգների հանգեցնել:

 

 

 

 




Լրահոս