3 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ՄԻՆՉԵՎ 15 ՀԱԶԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները, ըստ աշխատավարձի չափի, բարձրացնել 1500 դրամից մինչեւ 15 հազար դրամ։

 

«Կախված եկամուտներից՝ դրոշմանիշային վճարի չափը փոխվում է. մինչեւ 100 հազար դրամ եկամտի դեպքում 1500 դրամ է, 100 հազարից մինչեւ 200 հազար՝ 3000 դրամ, եւ այդպես սանդղակով հասնում ենք մինչեւ 15 հազար դրամ վճարումների, ում եկամուտը օրինակ 1 միլիոնը գերազանցում է», – ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նոր առաջարկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի կտրուկ ավելացմամբ է պայմանավորված։ Դեռ անցած ամիս Կառավարությունն առաջարկում էր բոլոր աշխատող քաղաքացիներից, անկախ նրանց աշխատավարձի չափից, 1000 դրամի փոխարեն 3000 դրամ գանձել։ Ինչու մտափոխվեց գործադիրը՝ նիստի ընթացքում չպարզաբանվեց։

Արդարադատության նախարարը միայն ասաց՝ ներկայումս գանձվող 1000 դրամներով հնարավոր չէ ամբողջ ծավալով հատուցել հիմնադրամի շահառուներին։ Նոր փոփոխությամբ առաջարկվում է նաեւ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին անհետ կորած համարելու ժամկետը 1 տարուց դարձնել 3 ամիս. «Մյուս փոփոխությունը, որ անում ենք, գործող կարգավորումներով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է 6 ամիս անցնի, որպեսզի փոխհատուցումը տրամադրվի, մենք այդ 6 ամիս ժամկետն էլ ենք կրճատում, այսինքն` եթե դիտարկենք սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունները, միանշանակ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելու այդ 3 ամիսն անցած կլինի»:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը կողմնակից է քաղաքացիներից 3000 դրամ գանձելուն։ Ավետիքյանը կարծում է, որ, ըստ աշխատավարձի չափի, գումարը գանձելու դեպքում արդարության խնդիր է առաջանալու, քանի որ աշխատող քաղաքացիների գրեթե մեծ մասը թերի է հայտարարագրում իր եկամուտները. «Մեզ մոտ կա շուրջ 60 հազար քաղաքացի, որոնք հայտարարագրում են այն, ինչ որ ստանում են, այսինքն` չեն թաքցնում իրենց իրական եկամուտները, այսինքն` աշխատող գրանցված բնակչության 10 տոկոսը ընդամենը: Հիմա մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք` դուք պետք է պատժվեք, որովհետեւ դուք ազնիվ եք եւ ճիշտ եք ցույց տալիս ձեր եկամուտները ու շատ վճարեք, իսկ նրանք, որ թաքցնում են իրենց եկամուտները, ոչինչ, պետությունը փեշը կփռի իրենց վրա եւ իրենց կպաշտպանի»:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցում տրամադրել պատերազմի հետեւանքով շահառու դարձած քաղաքացիներին, հիմնադրամից հայտնում են` մինչ այս պահը որոշում է կայացվել փոխհատուցում տրամադրել 583 տուժողի։ Հատուցումը տրամադրվում է յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին եւ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչեւ 170 հազար դոլար է կազմում փոխհատուցվող գումարը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է տրամադրում.

l յուրաքանչյուր զինծառայողի, որի առողջությանը 2017թ.-ի հունվարի 1-ից հետո պատճառված վնասի արդյունքում ճանաչվել է I կամ II խմբի հաշմանդամ,

l 2017թ.-ի հունվարի 1-ից հետո զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի անդամներին:

Զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամներն ունեն լրացուցիչ ամսական 100 հազար դրամ ստանալու իրավունք, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողն ունի՝

l երեք կամ ավելի 18 տարին չլրացած երեխաներ կամ

l 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ կամ

l 18 տարեկան կամ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը

Գ. Մ.

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ արդարադատության նախարարությունը նոր օրինագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որը նպատակ ունի նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում»,- գրել է Բադասյանը: Արդարադատության նախարարը հավելել է, որ նախագծի ընդունման դեպքում կլինեն սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ կբարձրացնի ցածր հանրության վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից՝ կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման եւ քրեական գործերի քննության արագությանը։ «ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որեւէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել եւ անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը,  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

 

 

ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ

Ոստիկանական համակարգից 2020 թվականին դուրս եկողների թիվն ավելի քիչ է, քան նախորդ տարիներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ոստիկանության որոշ ծառայողներ հրապարակային հայտարարություններ են անում՝ համակարգից դուրս գալու վերաբերյալ: «Եթե չեմ սխալվում, 2018-ին այդ թիվը 1500-ից ավելի է եղել, այս տարի 1150-ին մոտ: Իսկ հայտարարություններն արվում են իրենց որոշակի նկատառումներից ելնելով, գուցե այդ հայտարարություններով փորձում են արդարացնել տվյալ փուլում ոստիկանությունից դուրս գալու որոշումը»,-  ասաց նա: Դիտարկմանը, որ ոստիկանությունից ազատման դիմումներ են գրել նաեւ բարձր պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ, փոխոստիկանապետն արձագանքեց. «Յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրները: Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից ազատման դեպքեր գրեթե չեն եղել»: Փոխոստիկանապետը հերքեց տեղեկությունները, թե ՀՀ ոստիկանապետը հրաժարական է տվել: «Ես եմ ներկայացել կառավարության նիստին, որովհետեւ ես եմ անձամբ կանոնակարգում իրավական խումբը: Տարբեր օրենսդրական հարցերի հետ կապված ես եմ ներկայանում: Նաեւ այն պատճառով, որպեսզի, իրավիճակով պայմանավորված, կարողանանք հստակ կանոնակարգել բոլոր գործընթացները»,- ասաց նա:

 

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այս  մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:  «Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։ Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՔՐԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 52-ամյա բնակիչը, չունենալով վառելափայտ ձեռք բերելու համար համապատասխան փաստաթուղթ, 2020թ. հուլիսի 8-ին իրեն պատկանող բեռնատար ավտոմեքենայով գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժին, որտեղ հաճարենի, բալենի, թխկի եւ բոխի տեսակի ծառերից ապօրինի մթերել է վառելափայտ` կենդանական եւ բուսական աշխարհին պատճառելով  զգալի չափերի նյութական վնաս: Այնուհետեւ 52-ամյա տղամարդը փայտանյութը բեռնել է վերը նշված ավտոմեքենան եւ առանց թույլտվության տեղափոխել անտառային հողերի տարածքից, սակայն նույն ամսվա 10-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, նշված ավտոմեքենան Փամբակ գյուղի վարչական տարածքում ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ստուգման եւ տեղափոխվել ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 52-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ «Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձեւ են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասաց նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։ Նշենք, որ սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։  Ավելի վաղ գյուղապետը հայտնել էր, որ ամեն ձեւով պայքարելու են, որ գյուղն ամբողջովին հայկական մնա։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով սահմանազատման հարցին, նշել էր, որ Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերի հարցը կարող է ցավոտ իրավիճակների բերել։

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Դեկտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց Սահմանադրական դատարանի առաքելությունը երկրում օրինականության եւ արդարության պաշտպանության գործում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հայրենիքում ստեղծված իրավիճակին։

 




Լրահոս