ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՄԱՆՈՐԸ ՆՇԵԼ ՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով:  «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ։

 

Հաշվի առնելով տոնական օրերի ընթացքում շփումները՝ մեծանում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը։ Հարկ է նշել նաեւ, որ, բացի կորոնավիրուսային հիվանդությունից, տարվա այս եղանակին բնորոշ է նաեւ գրիպի եւ այլ սուր շնչառական վիրուսների շրջանառությունը, որոնց կլինիկական դրսեւորումները եւ կանխարգելման միջոցառումները գրեթե նույնն են։

Մի շարք երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Ամանորին ընդառաջ գնացել են նոր սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Օրինակ, ի թիվս մի շարք միջոցառումների, Գերմանիայում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կկիրառվեն խիստ սահմանափակումներ՝ կփակվեն առեւտրի կենտրոնները, կսահմանափակվի տնային միջոցառումների ժամանակ մասնակիցների քանակը, իսկ ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերն արդեն փակ են։ Իսպանիան եւս սահմանափակել է մասնակիցների քանակը միջոցառումների ժամանակ՝ առավելագույնը 6 անձ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 65 տարեկանից բարձր եւ ռիսկի մյուս խմբերի անձինք կմնան ինքնամեկուսացած մինչեւ հունվարի 15-ը։ Վրաստանը եւս անցել է խիստ սահմանափակումների. ռեստորաններն ու բարերը կաշխատեն՝ մատուցելով միայն առաքման ծառայություններ, մեծ քաղաքներում չի գործի հանրային տրանսպորտը, չեն աշխատի բաց ու փակ շուկաները եւ այլն։

Ամանորին ընդառաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19), գրիպից եւ սուր շնչառական այլ վարակներից, ինչպես նաեւ դրանց բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

«Սահմանափակե՛ք շփումները, խուսափե՛ք մարդաշատ վայրեր եւ զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ եւ ներկայացումներ հաճախելուց,

ամանորյա տոները նշե՛ք ընտանեկան միջավայրում, հյուրեր մի՛ ընդունեք,

պարտադիր կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն եւ հետևե՛ք ձեռքերի հիգիենային,

եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, նշված անձի հետ շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն եւ պարտադիր կրե՛ք դիմակ, մի՛ ընդունեք հյուրեր,

հաճախակի լվացե՛ք ձեռքերը կամ անհնարինության դեպքում մշակե՛ք 70%-անոց ալկոհոլի հիմքով ախտահանիչով,

սովորեցրե՛ք Ձեր երեխաներին հիգիենայի կանոնները եւ հետեւե՛ք դրանց պահպանմանը,

սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապեւտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի) հետ: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի եւ այլ վիրուսային վարակների բուժման համար,

պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ,

պահպանե՛ք անվտանգության կանոնները եւ եղե՛ք առողջ»:

Հ.Գ. Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 702-ով՝ հասնելով 156 հազար 142-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 23 դեպք. հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1128-ով եւ հասել 136 հազար 766-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 743 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 575 հազար 910-ի:

 

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը եւ հայկական ԱԷԿ-ը պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել 2021 թվականին այս ատոմակայանի միակ գործող էներգաբլոկի համար ռուսական միջուկային վառելիքի մատակարարման. հայտնել է է «ՏՎԷԼ»-ի մամուլի ծառայությունը: Հայկական ԱԷԿ-ը` միակը տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում (Երեւանից մոտ 30 կիլոմետր հարավ), ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցվել են ՎՎԷՐ-440  սեյսմակայուն  ռեակտորների հիման վրա: Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ի դեկտեմբերին, երկրորդը` 1980-ի հունվարին:

 

 

ՆՈՐ ՓՈՂՈՑ

Երեւանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) եւ Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «ՀՀ կառավարությունն այսօր ըստ էության հաստատեց ծրագիրը: Նոր ճանապարհահատվածը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում եւ հաշվարկ: Ծրագրի իրականացմամբ զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթեւացվի Կոմիտասի պողոտայի երթեւեկությունը, ինչպես նաեւ կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»,- նշել է Հակոբ Կարապետյանը:

 

 

 

ԿՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար դարձյալ ներկայացրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցը ներառված է խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստը կանցկացվի դեկտեմբերի 25-ին: Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը  79 «կողմ» եւ 3 «դեմ» ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ից ավելի «կողմ» ձայներ (նվազագույնը՝ 80): Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երեւանում: 1995 2000թթ. ուսանել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետեւ ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում, 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է:

 

 




Լրահոս