ԿԱՐԵՎՈՐԸ ՀՈԳԵԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանից (Ծաղիկ Ռուբո) «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու է խուսափում լրագրողների հետ հանդիպել, պատասխանել հեռախոսազանգերին: Հնարավո՞ր է` վերջին միջադեպերից հետո ԲՀԿ-ն արգելել է լրատվամիջոցներին հարցազրույց տալ:-Չգիտեմ` ինչ միջադեպեր նկատի ունեք, բայց որ պատգամավորը ձեր զանգի պահին գտնվելիս է լինում հոգեհանգստի կամ թաղման վայրում, բնականաբար, հարցազրույց չի կարող տալ:-Պարո՛ն Գեւորգյան, բայց վերջին շրջանում ԲՀԿ-ի շուրջ աղմուկը շատ մեծ է: Պարզվեց, որ վնասազերծված բանդայի պարագլուխը ԲՀԿ Գառնու տարածքային կառույցի ղեկավարի որդին է:-Բացարձակ ոչ մի կուսակցություն պարտավորություն չի կրում իր կուսակցականի ընտանիքի անդամների համար: Հասարակություն կազմող մեր բոլոր ընտանիքներում կարող ենք գտնել քաղաքական մի այնպիսի պատկեր, որ պապը դաշնակ է, հայրը` ԲՀԿ, մայրը` ՀԱԿ, որդին` ՀՀԿ, մյուսը` «Ժառանգություն», քույրը` «Օրինաց», եւ այսպես շարունակ: Ամբողջապես քաղաքականացված նման ժողովրդի մեջ, եթե քաղաքական կուսակցությունները պատասխանատվություն կրեին իրենց կուսակցականների եւ ընտանիքի անդամների կատարած հանցանքների համար, նշանակում է` ՀՀ-ում ոչ մի օրինախախտ մարդ չէր լինելու: Ի վերջո, կուսակցությունները Մակարենկոյի ուսմունքի վրա չեն կերտել իրենց որդեգրած քաղաքականությունը, այլ ունեցած արժեհամակարգի: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կուսակցական շերտին, ասեմ, որ նրանք հանցագործության գիրկը քիչ են ընկնում: Ինչո՞ւ, որովհետեւ հանցագործություն են անում սոցիալապես վատ վիճակում հայտնված մարդիկ, իսկ ԲՀԿ առաջնորդն իր հիմնադրամով սատարում է հենց այդ շերտին: Ուրեմն դուրս է գալիս, որ ԲՀԿ առաջնորդի գործունեությունն ու բարեգործությունը կրճատում են մեր երկրում զարգացող մեծ ու փոքր հանցագործությունների քանակը. այսպես չէ՞: Իրողություններին արժե նայել մեծ ասպեկտով եւ ոչ էժանագին փանջունիական հրմշտոցով ու տրամադրությամբ:   -Դավթաշենում գտնվող այգին, որը պատկանում է Ձեր դստերը, հիմնականում փակ է լինում: Միայն տոնական օրերին են դռները բացվում: Ինչո՞ւ է այդպես: Եւ ճի՞շտ են խոսակցությունները, որ պատրաստվում եք վաճառել այն:  -Ծիծաղելի է: Այգին, որը հիմնադրվել է իմ ընտանիքի կողմից` օձերով եւ կարիճներով հագեցած ժայռաբեկորների տեղում, կարելի է ասել` իմ ընտանիքի լոգոն է: Այն երբեք չի վաճառվի, քանի որ ամեն մի ծառ ու թուփը կարծես հարազատ լինի: Պարզապես այգին վերախնամելու, վերակառուցելու կարիք ունի, եւ դրա համար մենք փակել ենք մուտքը, ուր դրսից բերված 120 ծառատեսակների, թփերի ու գազոնների վերականգնողական խնամք է կատարվում, քանի որ դրանք արդեն իսկ ոչնչացման սահմանագծին են հասել անխնա հանգստացողների կողմից: Այգին, որը, այո՛, պատկանում է իմ դստերը` Երեւանի ավագանու անդամ Արմինե Գեւորգյանին, իր դստեր անունով է` «Դեզի»: Նա պատրաստվում է «Դեզի»-ն դարձնել երեխաների համար Երեւանում նմանը չունեցող մանկական հրաշք այգի: Իսկ դավիթաշենցիներն իրենց հանգիստն անցկացնում են «Դեզի» այգուն հարակից առավել մեծ մակերես ունեցող այգում, որը նույնպես իմ թաղապետության ժամանակ իմ կողմից է հիմնադրվել` արդեն ոչ սեփական տարածքի վրա:-Վերջերս անկախության 20-ամյակի առիթով օրենսդրական գործունեության համար պարգեւատրվեցիք «Մովսես Խորենացու» մեդալով: Բայց ե՛ւ Դուք, ե՛ւ մյուս մեդալակիր Ռուստամ Գասպարյանն օրենքներ գրելով աչքի չեք ընկել: Ի՞նչ տվեց Ձեզ մեդալը, որը կարծես այլ արժանիքների համար ստացաք:-Եթե ես լինեի միայն օրենսդիր դաշտի մարդ, գուցե զգայի օրենսդիրի ուրախության երանգն ու չափը պարգեւատրման ժամանակ: Բայց նման տոներում ինձ տեսնում եմ որպես զենքը ձեռքիս, կամավորական սկզբունքով մարտնչած, ջոկատի վիրավորված հրամանատարի կերպարում: Բայց նախագահական այս բարձր պարգեւի համար ես շնորհակալ եմ իմ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, որը պարգեւատրման 3 հնարավորությունից 2-ն ուղղեց պատերազմ անցած հրամանատարներին` ինձ ու Ռուստամին: Պարգեւատրման սկզբունքը ԲՀԿ լիդերի կողմից նույնպես խոսում է նրա կերպարի եւ իր մեջ ունեցած արժեքների աստիճանավորման մասին:   -Պարո՛ն Գեւորգյան, հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի նախագահի պաշտոնում. շատ է խոսվում այդ մասին: -Ծառուկյան Գագիկ անհատը հայ մարդ է, մեծ բարերար: Նա պաշտոնավարող  մարդկանց ստանդարտից դուրս է: Նմանատիպ հարցի շուրջ ես իրենից եւ առավել եւս իր մտերիմներից չեմ լսել: Իսկ եթե ժողովրդի մեջ է խոսվում, ուրեմն դա ժողովրդի իրավունքն ու ցանկությունն է:  -Իսկ նա համապատասխանո՞ւմ է նախագահի թեկնածուի տիտղոսին:-Հարցը Ձեր կողմից, կներեք, մի քիչ պրովոկացիոն է, բայց չեմ խուսափի պատասխանից: Եթե  մարդ կարողանում է մի ամբողջ ժամանակ նյութից իրեն կտրել եւ մտնել հոգու դաշտ, ժողովրդի հոգսերը հոգալ, ուրեմն հաստատ ճակատագրողի տեսակ կա իր մեջ: Իսկ աթոռն ի՞նչ է, եթե ոչ կեցվածքի եւ հնարավորության միջոց, որը զբաղեցնելով` իր ստանձնած պատասխանատվություններն է մարդ կատարում ժողովրդի հանդեպ: Կարեւորն առանց աթոռի անելն է: Իսկ առանց աթոռի շատ քչերին է տրված անել: Դա Աստծո կամքով ու ցանկությամբ պիտի լինի:-Իսկ եթե Ձեր պատասխանը դուր չգա՞ Սերժ Սարգսյանին:-Դուք անձնավորված հարցնում եք մի անհատի մասին, որն իմ կուսակցության առաջնորդն է, ես պատասխանում եմ: Ինչ վերաբերում է երկրի նախագահին` մեզ ոչ մեկին տրված չէ գնահատականներ տալ: Նրանց գնահատականը միշտ էլ տալիս է ժողովուրդը եւ ժամանակի պատմությունը: Ես անձամբ հաճախ եմ բարձր ամբիոններից դրական արձագանքել երկրի նախագահի արտաքին քաղաքականության մասին, եւ մենք մեր քաղաքական առաջնորդի գլխավորությամբ պաշտպանում ենք իր կողմից տարվող արտաքին քաղաքականությունը: Անձամբ ես իրեն ընկալում եմ որպես հայրենասիրական  դաշտի մարդ` արցախյան  պատերազմի ակունքներում գտնված, եւ հարգում եմ նրան:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս