ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս փորձագետները՝ եռակողմ հանդիպման մասին. ինչ փոխվեց Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը մինչեւ վերջ լուծված չէ, բայց կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը: Երեկ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ պատերազմից հետո առաջին հանդիպումից հետո այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նշեց, թե հանդիպման ժամանակ այդ հարցի կարգավորմանը հասնել չեն կարողացել:

Նկատենք՝ հայկական կողմն այս բանակցությունների նախօրեին հայտարարել էր, թե հիմնական թեման բանակցությունների հենց գերիների հարցն է: Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին, սակայն, հստակ տեղեկություն չկա:

Երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը մասնավորապես ասել էր, թե այնտեղ են գտնվում 62 հայ զինվորականներ, որոնց Բաքուն ռազմագերի չի համարում, այլ ահաբեկիչ, քանի որ նրանք գերեվարվել են հրադադարից հետո: Սակայն մոսկովյան առաջին հանդիպումից հետո Փաշինյանը նշեց, թե համաձայնություն ձեռք չի բերվել, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը:

Այսպիսով, ի՞նչ իրավիճակ ունենք հանդիպումից հետո: Ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը  շատ կարեւոր համարեց Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը:

«Եռակողմ հանդիպումը շատ կարեւոր էր, որը տեղի ունեցավ ամենաբարձր մակարդակով: Բացի այդ հայտարարությունից, այլ շատ կարեւոր հարցեր եւս քննարկվել են, որոնց մասին բարձրաձայնումներ չեղան: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ առանց ռուսական կողմի միջնորդության, չի հաջողվում հարցերը տեղից շարժել, խոսքը վերաբերում է նաեւ հայտարարությունում նշված կետերին, այդ թվում՝ տրանսպորտային ճանապարհներին, տնտեսական կապերին:

Միայն ռուսական կողմի միջնորդությամբ հնարավոր կլինի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին: Իհարկե, բոլոր հարցերի լուծումը մեծ ջանքեր է պահանջում եւ մեծ աշխատանք, որին ռուսական կողմը պատրաստ է», – վստահեցրեց փորձագերը։

Իսկ «Միջազգային գործերով ռուսական խորհրդի» գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը կարծիք հայտնեց, թե  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև երկուշաբթի ձեռք բերված տարածաշրջանում նոր ենթակառուցվածքների ծրագրերի մասին պայմանավորվածությունները էականորեն նվազեցնում են տարածաշրջանում իրավիճակի սրացման ռիսկերը:

Անդրեյ Կորտունովի կարծիքով՝ մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը փոքր-ինչ ամրապնդվել են, բայց նրա քաղաքական ապագան «բավականին մշուշոտ է»։ Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Փաշինյանի ապագան կախված է, թե նա որքանով ընդունակ կլինի սոցիալ-տնտեսական արդյունքներ ցույց տալ, Լեռնային Ղարաբաղի տարածքում պահպանել հայկական ներկայությունը և Բաքվից հասնել կարգավիճակի քննարկմանը։

Այսպիսով, պետք է փաստենք, որ Ալիեւն իր համար ղարաբաղյան կոնֆլիկտը համարում է լուծված, իսկ մենք դեռ ոչ միայն ռազմագերիների, այլեւ Արցախի կարգավիճակի հարց ու մի շարք այլ անորոշություններ ունենք։ Պատերազմից հետո ունենք բզկտված ներքին կյանք ու կորսված հայրենիք։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս