Երեկ «Ժողովուրդ»-ը «Սիվիլիթաս» հիմնադրամի «100 հարց, 100 պատասխան» ձեւաչափի շրջանակներում Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն էվանսին երկու հարց ուղղեց: «Քանի որ «Վիկիլիքս»-ի կողմից հրապարակված «հույժ գաղտնի» հաղորդագրությունների ներքո շատ հաճախ գրված էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Էվանսի ազգանունը, կա՞ն այնպիսի փաստաթղթեր, որոնց հրապարակումն իրեն հատկապես անհարմարություն կպատճառի» հարցին ի պատասխան` նախկին դեսպանն ասաց, որ «Վիկիլիքս»-ի պատճառով ինքն անքուն գիշերներ չի անցկացնում: «Ժողովուրդ»-ի մյուս հարցին, թե ճիշտ են ՀՀ իշխանությունների այն գնահատականները, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մեկնաբանությունները մարդկային սուբյեկտիվ ընկալումներ են անձանց եւ երեւույթների վերաբերյալ, թե, այնուամենայնիվ, դրանք օբյեկտիվ գնահատականներ են եւ առաջին հերթին` մեր իշխանությունների վերաբերյալ, Էվանսը պատասխանեց. «Պետությունները գաղտնի կերպով իրավունք ունեն հաղորդակցվել, ինչպես, օրինակ, ընտանիքի անդամները դրա իրավունքն ունեն»: Երեկ Ջոն էվանսը, ըստ էության, չպատասխանեց հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ Վարդան Օսկանյանի հրավերով Հայաստան իր այցի հիմնական նպատակն առաջիկա ԱԺ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանին աջակցելն է: ԱՄՆ նախկին դեսպանն այս կապակցությամբ պատասխանեց հարցի միայն առաջին մասին. «Ճշմարտությունն ավելի պարզ է, քան ասեկոսեները: Ես իսկապես այստեղ հրավիրվել եմ «Սիվիլիթաս»-ի կողմից, ինչի համար երախտապարտ եմ, շատ ժամանակին էր այն: Ես համարում եմ, որ «Սիվիլիթաս»-ը շատ լավ գործ է անում` անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում: Ես այստեղ եմ` որեւէ այլ օրակարգ չհետապնդելով»: Նշենք, որ պարոն էվանսը շրջանցեց նաեւ հարցը, թե ինչքան ժամանակով է եկել Հայաստան: Նա, պատասխանելով հարցին, թե համակարծիք է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտի հնչեցրած տեսակետին, թե առաջին նախագահի օրոք են Հայաստանում հիմք դրվել հոռի երեւույթները` օլիգոպոլիան եւ ընտրությունների կեղծումը, ասաց, որ չէր ցանկանա հակասել գերմանացի դեսպանին, քանի որ չնայած նրա մատնանշած տարիներին (1994-1995թթ.) ինքը Հայաստանում չի եղել, սակայն ծանոթ է այն ժամանակվա միջազգային դիտորդների զեկույցներին: ԱՄՆ դիվանագիտական կորպուսից թոշակի գնացած նախկին դեսպանը Հայաստանում ժողովրդավարության աստիճանը 1-10 բալանոց սանդղակով 2,6 գնահատեց: Նա ասաց, որ հարցին անդրադառնում է այն չափանիշներով, որոնց վրա հենվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան: Ըստ նրա` «արդար կառավարում» դասակարգում Հայաստանը 2006-ին հաջորդող տարիներին զիջեց, դրա համար էլ ֆինանսավորումը դադարեցվեց: Ա. Դ.
«ՎԻԿԻԼԻՔՍ»-Ի ՊԱՏՃԱՌՈՎ ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐՆԵՐ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ