ՄԻԱԿ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՄՍՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճիշտ կառուցված քաղաքականության, դիվանագիտության եւ կառավարման դեպքում նույնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ հաջողությունների. «Դեպի Չորրորդ հանրապետություն» իր ծավալուն հոդվածում գրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Խոսելով բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին՝ նախագահը նշել է, որ առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված եւ չլուծված խոր արմատական խնդիրների հետեւանքն են։

 

«…1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, եւ ընդհուպ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական: Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր: Մեր հակառակորդը քսան տարի շարունակ պնդում էր, որ թույլ չի տալու Կովկասում երկրորդ հայկական պետության ստեղծում, ձեռք էր բերում ժամանակակից զենքեր, զբաղվում ակտիվ միջազգային լոբբինգով, իր ազդեցության ցանցերն էր ստեղծում ամբողջ աշխարհով՝ հանուն մեկ նպատակի: Հանուն ինչի՞: Հարցը հռետորական է, որովհետեւ պատասխանը պարզից էլ պարզ է, – գրել է նախագահը՝ շարունակելով: – Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման եւ ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին եւ ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը եւ այլն։ Մենք թուլացանք եւ շարունակեցինք ապրել, կարծես այլեւս որեւէ մեծ մարտահրավեր կամ սպառնալիք չկար»:

Նախագհի խոսքով՝ տանուլ ենք տվել նաեւ տեղեկատվական պատերազմում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին դաշտում: Տարիներ շարունակ, նախագահի խոսքով, ցանկալին մատուցվել է իրականի տեղ, սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք:

Միակ տրամաբանական եւ քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են: Քաղաքացիները լիակատար բարոյական իրավունք ունեն իրենց կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից, կառավարությունից եւ վարչապետից ժամանակային ու բովանդակության առումով կոնկրետ պատասխաններ պահանջել ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերյալ. գրել է Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ իր դերը եւ պատասխանատվությունն ունի նաեւ հանրապետության նախագահը: Նախագահի խոսքով՝ հասարակության պառակտումը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների, ուստի երկրին եւ ժողովրդին անհրաժեշտ է բուժում, իսկ միակ տրամաբանական եւ քաղաքակիրթ դեղատոմսը, Արմեն Սարգսյանի համոզմամբ, խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք, ինչպես նախագահն է նշել, թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացը սկսել մաքուր էջից:

«Մինչ այդ իշխանության օրինական, հավասարակշռված եւ անաչառ ճյուղերից մեկի՝ նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձեւավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մեջ՝ առաջինը՝ պատերազմի անմիջական հետեւանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների եւ տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում եւ խնամք, ավերված տների եւ բնակարանների նորոգում եւ նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար: Երկրորդը՝ պետությունը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում եւ  կիրառում: Երրորդը՝ խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի եւ, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից եւ փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում», – հայտարարել է նախագահը՝ կրկին ընդգծելով՝ պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջեւ պետք է գործի հակակշիռների եւ զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը եւ հետեւեն դրան: Հակառակ դեպքում, նախագահի համոզմամբ, «հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ»:

«Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձեւական բնույթ ունի,- գրել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով,- սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում»: Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ որպես պետության գլուխ եւ Սահմանադրության հետեւող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձեւավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը եւ մեխանիզմները:

«Հարց է առաջանում՝ իսկ իդեալակա՞ն է արդյոք մեր Սահմանադրությունը: Պատասխանը մեկն է՝ ո՛չ, ինչպես ցանկացած երկրի սահմանադրություն: Աշխարհում ամենուրեք վեճեր ու քննարկումներ են ծավալվում իրենց երկրների հիմնական օրենքների փոփոխման շուրջ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես իմ կարծիքն ունեմ մեր Սահմանադրության թերությունների մասին, սակայն որպես Հանրապետության նախագահ՝ ես պարտավոր եմ հետեւել օրենքի տառին: Մենք կարող ենք տրվել զգացմունքներին, սակայն բոլոր քաղաքական պահանջները պետք է իրականացվեն օրենքի սահմաններում», – գրել է Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի «Երրորդ հանրապետությունը» այլեւս անցյալ է, «մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ եւ նպատակասլաց։ Այն ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը եւ անհետեւողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները եւ մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ»:

«Սպասվում է բարդ աշխատանք, բայց ես չեմ կասկածում վերջնական հաջողությանը: Գլխավորը, որ յուրաքանչյուրը հավատա դրան եւ իր կարողությունների ու հնարավորությունների չափ մասնակցի այդ օրը մոտեցնելու գործին: Մենք երկար խորհելու ժամանակ եւ հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ եւ արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ եւ կազմակերպված, նոր տեխնոլոգիաների եւ մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ապագա Հայաստանը»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Նախօրեին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղ էր տեսել, մեջը՝ տղամարդու դի։ Նա ահազանգել էր ոստիկանություն։ Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ արկղում 59-ամյա Պետրոս Ամիրխանյանի դին էր։

 

Դատաբժիշկը մարմնի զննությամբ բռնության հետքեր է հայտնաբերել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Առանձնապես ծանր հանցագործության բացահայտմանն ուղղված ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների միջոցառումներին միացել են Քրեական ոստիկանության գլխավոր, Երեւան քաղաքի եւ Արարատի մարզային վարչությունների գործընկերները։ Տղամարդուն ծեծելով սպանել են հունվարի 5-ին։ Նախնական տվյալներով՝ Վեդի քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մի քանի անձի, այդ թվում՝ անչափահասների մասնակցությամբ հացկերույթ էր եղել։ Կենցաղային հարցի շուրջ վեճ էր ծագել։ Այդ ընթացքում 59-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծել էին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Դեպքից երկու օր անց անչափահասներից մեկը հոր տաքսի ավտոմեքենան բերել էր կացարանի մոտ, որտեղից էլ փայտե արկղով դին տեղափոխել էին Վեդիից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհ ու թողել այնտեղ։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նաեւ կասկածվողներին, որոնք բերման ենթարկվել են Արարատի բաժին, ապա ներկայացվեցին Վեդիի քննչական բաժին՝ հարցաքննության։ 4 անձ, այդ թվում՝ 15-ամյա երկու պատանի, ձերբակալվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

 

 

ԹԱՆԿԱՑԵԼ Է

2021 թվականի հունվարի 10-ից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղությամբ  սպասարկում իրականացնող տաքսի ծառայություները նախկին 3000 դրամի փոխարեն մեկ անձի փոխադրման վարձը դարձրել են 3500 դրամ։  Տաքսի ծառայությունների  սեփականատերերն ասում  են, որ ուղեվարձը ստիպված են թանկացրել, քանզի թանկացել է  է ավտոմեքենաների  վառելիք գազը, նախկինում Նոյեմբերան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ աշխատող տաքսի ավտոմեքենան ուղերթի ընթացքում  ծախսում էր 6 հազար դրամի գազ, այժմ՝ 11 հազար դրամի։ Բացի այդ, տաքսի ավտոմեքենաները հաճախ  4 ուղեւորի փոխարեն ունենում են ավելի պակաս ուղեւորներ։

2014թ. հոկտեմբերից սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտ չի գործում: Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարած Երեւան-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթների մրցույթները չեն կայանում, քանզի դրանց մասնակցող ընկերություններ չեն լինում: Նոյեմբերյան-Երեւան եւ Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին նախկինում առանց ուղեւորների էր մնացել տաքսիների հետ անհավասար մրցակցության պատճառով: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձին նախկինում  փոխադրում էին  3 հազար դրամով, դրանից առաջ միկրոավտոբուսի ուղեվարձը 2000 դրամ էր:

Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Սակայն դա նաեւ խնդիր է ստեղծում: Տաքսիստները տարբեր վայրերից ուղեւորներ են հավաքում, մեքենայի 4 ուղեւորներին հասցնում Երեւանի տարբեր տեղեր, ինչի պատճառով ուղեւորները հաճախ ուշանում են, չեն հասցնել մայրաքաղաքում ունեցած գործերն անել: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող է տաքսիների մրցակցությանը դիմանալ, եթե Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող բոլոր տաքսիստները գործեն օրինական դաշտում, հարկեր վճարեն: Շատ գործազուրկներ ոչ լավ օրից հիմա տաքսի են քշում: Բազմաթիվ նոյեմբերյանցիներ դժգոհում են, որ Նոյեմբերյանը Երեւանին կապող միկրոավտոբուսային երթուղին փակվեց: Այն համեմատաբար էժան սպասարկում էր իրականացնում, մեկնումի եւ ժամանման ժամը ստույգ էր:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս